Բեռնում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեյցարիա աշխատանքային այցի շրջանակներում Բեռնում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Բեռնի սրտում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հատվածում գտնվող դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:

Միրզոյանը և Կասիսը հանդես են եկել ողջույնի և շնորհավորական խոսքով։ Միրզոյանն ընդգծել է, դեսպանության տեղափոխումը Շվեյցարիայի մայրաքաղաք կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

«Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան՝ միաժամանակ ծառայելով որպես կամուրջ՝ առավել ամուր կապելով մեր կառավարությունները, մեր հաստատությունները, գործարար համայնքները և, ամենակարևորը, մեր ժողովուրդներին»,- նշել է ՀՀ արտգործնախարարը։

Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել էին 1992 թվականին՝ Հայաստանի անկախության ձեռք բերումից կարճ ժամանակ անց։

«Այսօր մեր երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ։ Մենք տեսնում ենք համագործակցության հետագա ընդլայնման զգալի ներուժ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նորարարությունը, բարձր տեխնոլոգիաները, կրթությունը, կայուն զարգացումը և առևտուրը։ Գիտության, ճարտարագիտության և ֆինանսների ոլորտներում Շվեյցարիայի ձեռքբերումներն ու առաջատար դիրքը, համադրված Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական հատվածի և դինամիկ մարդկային ներուժի հետ, ստեղծում են փոխշահավետ համագործակցության նոր և խոստումնալից հնարավորություններ»,- նշել է նա։

Ըստ Միրզոյանի՝ Հայաստանը հանձնառու է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, խթանել տնտեսական զարգացումը և նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

Մարդկային ներուժի կարևորությունն ընդգծելով՝ ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի ազգային հերոս, մեծանուն արվեստագետ, շանսոնյե և բանաստեղծ Շառլ Ազնավուրին, ով, ներկայացնելով Հայաստանը երկրում, որը նույնպես նրան հարազատ և մտերիմ էր, արժանապատվությամբ ու մարդասիրությամբ մարմնավորել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև կենդանի կապը:

Մարտի 12-ին Միրզոյանը և Կասիսը մտքեր էին փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: Միրզոյանը ներկայացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը:

 

Leave a Comment