Հայ և օտարազգի ցեղասպանագետները պահանջում են վերականգնել Գզոյանին ՀՑԹԻ տնօրենի պաշտոնում

Հայ և օտարազգի ցեղասպանագետները պահանջում են վերականգնել Գզոյանին ՀՑԹԻ տնօրենի պաշտոնում

13 մարտի 2026 – 13:53 AMT

PanARMENIAN.Net – Հայ և օտարազգի հեղինակավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Նամակը հրապարակել է պատմության դոկտոր պրոֆեսոր Պետրոս Տեր Մաթոսյանը Նեբրասկա-Լինքոլնի Համալսարանից, որը ստորագրել է ավելի քան 20 գիտնական։

Նրանք կոչ են արել ՀՀ կառավարությանը զերծ մնալ ինստիտուտի ղեկավարմանը միջամտելուց և թույլատրել Գզոյանին շարունակել աշխատանքը՝ առանց քաղաքական ճնշման և միջամտության։

«Մենք՝ ներքոստորագրյալներս, խորը մտահոգությու ենք հայտնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած վերջին անհանգստացնող զարգացումների վերաբերյալ։ Մարտի 11-ին ինստիտուտի պատմության մեջ ամենաակնառու և նվիրված տնօրեններից մեկը՝ դոկտոր Էդիտա Գզոյանը, հրաժարական տվեց՝ ըստ որոշ տեղեկությունների, ոչ թե ազատ ընտրության, այլ կառավարության ճնշման տակ։

Դոկտոր Գզոյանը բարձրացրել է ՀՑԹԻ միջազգային ակադեմիական հեղինակությունը։ Նրա ղեկավարությամբ ինստիտուտն ընդլայնել է իր արխիվային հավաքածուները, կազմակերպել կարևոր սիմպոզիումներ և կոնֆերանսներ, հրապարակել գիտական աշխատանքներ, որոնք զգալիորեն առաջ են մղել ցեղասպանության ուսումնասիրություններն ամբողջ աշխարհում։ Նա Հայոց ցեղասպանության և հայերի նկատմամբ դրա հետ կապված վայրագությունների մանրակրկիտ հետազոտությունների կողմնակից է՝ աշխատանք, որը ամրապնդել է անցյալի անարդարությունների վերաբերյալ համաշխարհային ըմբռնումը և աջակցել պատմական ճշմարտության ճանաչմանը: Հատկապես մտահոգիչ է նրա հարկադիր հեռացման ժամանակացույցը և համատեքստը»,- նշված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը «զուտ տուրիստական օբյեկտ չէ, այլ պատմական հիշողության պահպամնման կենտրոն, ժխտման ու զեղծարարության դեմ պայքարի հենարան»:

«ՀՑԹԻ-ի ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից, ոչ թե ենթարկվի դրան: Տնօրեն Գզոյանի հարկադրական հեռացումը սառը ազդանշան է աշխարհի բոլոր ակադեմիկոսներին ու պատմաբաններին, որ դիվանագիտական հարմարավետության համար կարելի է մի կողմ դնել մանրակրկիտ հեազտություններն ու ճշմարիտ հիշողությունները»,-ասվում է բաց նամակում:

Փաշինյանը, պատասխանելով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ազատման դիմումի մասին հարցին, հայտարարել է, որ իր ցուցումով է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հրաժարականի դիմում գրել: Լրագրողի դիտարկմանը, որ ստացվում է՝ թանգարանի տնօրենը պաշտոնից հեռացվել է վարչապետի պահանջով այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նվիրել է Արցախի մասին գիրք և խոսել Արցախի թեմայով, Փաշինյանը պատասխանել է, որ համարել է դա սադրիչ գործողություն:

Leave a Comment