«Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմնակիցները բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ կառավվարության շենքի մոտ: Armenia Today-ը ուղիղ եթերում լուսաբանել է այն։
Ակցիայի մասնակիցները Կառավարության շենքի և Գլխավոր դատախազության մոտ հնչեցրել են «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին» և «Ազատությո՛ւն Հայաստանին» կարգախոսները: Միջոցառումներն ընթանում են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարաձգման հարցով դատական նիստին ընդառաջ։ Գործարարը գտնվում է տնային կալանքի տակ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանն իր ելույթում հայտարարեց, որ իրենց հետ բերել են հեռախոս, որը մտադիր են նվիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա՝ այդ հեռախոսից հնարավոր չէ տարածել կեղծ տեղեկատվություն և ատելության խոսք:
Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ կապված դատական նիստից սպասելիքների հետ, Միքայելյանը հույս է հայտնել, որ դատավորները կգործեն անկախ: Նրա խոսքով՝ վարչապետը պետք է հայտարարի, որ դատական համակարգը պարտավոր է առաջնորդվել բացառապես օրենքով և հաշվի չառնել իր խոսքերը՝ նկատի ունենալով, որ դատարանը չպետք է կողմնորոշվի ըստ գործադիրի ղեկավարի հնարավոր հայտարարությունների:
«Մենք հույս ունենք, որ այսօր երեկոյան այս հեռախոսով Փաշինյանը լայվ կմտնի ու կասի, որ այսօրվանից սկսած բոլոր դատավորները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում և բանի տեղ չդնեն իր ասածները»,- ասաց Միքայելյանը։
Կուսակցության ներկայացուցիչ Գառնիկ Դավթյանը նշեց, որ Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը պայմանավորված է նրա «ազգային դիրքորոշմամբ»: Ըստ նրա՝ իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, իրականացնում են «ազգային արժեքների և ինքնության հետապնդում»:
Կուսակցության ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանն իր խոսքում հայտարարեց, որ Փաշինյանն իր մտավախություններից դրդված շարունակում է կալանքի տակ պահել մարդկանց, այդ թվում՝ Կարապետյանին և հոգևորականության ներկայացուցիչներին: Ըստ նրա՝ իշխանությունների նման գործողությունները հակասում են երկրի զարգացման շահերին: Հովսեփյանն իր ելույթն ավարտել է «Ազատություն» վանկարկումով:
Կուսակցության ներկայացուցիչները հորդորեցին կառավարության անվտանգության աշխատակիցներին մոտենալ ու վերցնել Փաշինյանին բերած նվերը, սակայն չստանալով արձագանք, մոտեցան կառավարության մուտքին։
Կառավարության անվտանգությունից ակցիայի մասնակիցներին տեղեկացրին, որ կարող են միայն ընդունել ծրարով նամակ, ակցիայի մասնակիիցները հեռախոսը թողեցին մուտքի դռան առաջ ու երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակի հարակից փողոցեր։
