Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հարկադիր հեռանալը սարսափելի ուղերձ է գիտնականներին. ցեղասպանագետներ

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի հարկադիր հեռանալը սարսափելի ուղերձ է հղում ամենուրեք գտնվող գիտնականներին և պատմաբաններին, որ լուրջ հետազոտությունը և ճշմարիտ հիշողությունը կարող են փոխարինվել դիվանագիտական հարմարավետությամբ, բաց նամակում հայտարարել են հայ և օտարազգի ցեղասպանագետները:

Նրանց իրենց խորը մտահոգությունն են հայտնել ինստիտուտի արդեն նախկին տնօրենի՝ պարտադրված աշխատանքից ազատման դիմում գրելու համար։

«Դոկտոր Գզոյանը բարձրացրել է ՀՑԹԻ միջազգային ակադեմիական հեղինակությունը, նրա ղեկավարությամբ ինստիտուտը ընդլայնել է իր արխիվային հավաքածուները, կազմակերպել է կարևոր սիմպոզիումներ և կոնֆերանսներ, ինչպես նաև ստեղծել գիտական աշխատանքներ, որոնք զգալիորեն առաջ են մղել ցեղասպանագիտության ուսումնասիրություններն ամբողջ աշխարհում։ Նա անխոնջ պաշտպանն է եղել Հայոց ցեղասպանության, որն ամրապնդել է անցյալի անարդարությունների վերաբերյալ համաշխարհային ըմբռնումը և աջակցել պատմական ճշմարտության վերականգնման գործին։ Հատկապես մտահոգիչ է նրա հարկադիր հեռացման դրա ժամանակացույցը և համատեքստը»,- նշված է ցեղասպանագետների նամակում։

Ինստիտուտի տնօրենը հրաժարական էր տվել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցից կարճ ժամանակ անց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հաստատել էր, որ նրա պաշտոնանկությունը Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու պատճառով է եղել, և ինքն է անձամբ պահանջել նրա հեռացումը:

Ցեղասպանագետներն ընդգծել են, որ Գզոյանն ԱՄՆ փոխնախագահին ներկայացրել է ոչ միայն 1915 թվականի ցեղասպանությունը, այլև հետագայում Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցած հայերի կոտորածները՝ ընդգծելով տարածաշրջանում հայերի դեմ բռնության պատմական շարունակականությունը։ Նա նաև փոխնախագահ Վենսին նվիրել էր Հայոց ցեղասպանության և Արցախի հակամարտության վերաբերյալ գիտական աշխատություններ:

«Իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս ավելի լայն և խորապես մտահոգիչ օրինաչափություն՝ անկախ ակադեմիական ձայների լռեցում՝ քաղաքական հարմարության օգտին։ Կան բոլոր հիմքերը կարծելու, որ սա ավելի շատ վերաբերում է ոչ թե թանգարանի կառավարմանը, այլ ՀՑԹԻ-ի վերադասավորմանը՝ աշխատանքը համապատասխանեցնելով աշխարհաքաղաքական առաջնահերթություններին, մասնավորապես՝ ձգտելով խուսափել Ադրբեջանին առնչվող վայրագությունների անկեղծ քննարկումից՝ շարունակվող կարգավորման գործընթացի ֆոնին»,- նշված է նամակում։

Նամակի հեղինակներն ընդգծել են, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզապես զբոսաշրջային վայր չէ։ Այն պատմական հիշողության և գիտական կենտրոն է, ժխտման և խեղաթյուրման դեմ պաշտպանություն։

«Վստահ ենք, որ Գզոյանի հեռացումը լրջորեն կվտանգի ինստիտուտի ապագան և կխաթարի նրա հեղինակությունը միջազգային գիտական համայնքում: Նման որոշումը ոչ միայն կխաթարի ինստիտուտի ընթացիկ աշխատանքը, այլև մտահոգիչ ազդանշան կդառնա ցեղասպանագիտության բնագավառում առաջատար գիտնականների համար՝ նրանց հետ պահելով ՀՑԹԻ-ի հետ համագործակցությունից և թուլացնելով համաշխարհային ակադեմիական գործընկերությունները, որոնք կարևոր են նրա առաքելության համար»,- նշված է բաց նամակում։

Ցեղասպանագետները կոչ են անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ ինստիտուտի ղեկավարմանը միջամտությունից և թույլատրել Գզոյանին շարունակել իր աշխատանքը՝ առանց քաղաքական ճնշման։

Նամակը ստորագրել են շուրջ 3 տասնյակ հեղինակավոր ցեղասպանագետներ։

Leave a Comment