Խամենեին իր առաջին ուղերձում վրեժով է սպառնացել ԱՄՆ-ին և Իսրայելին

Խամենեին իր առաջին ուղերձում վրեժով է սպառնացել ԱՄՆ-ին և Իսրայելին

12 մարտի 2026 – 18:53 AMT

PanARMENIAN.Net – Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ազգին ուղղված իր առաջին ուղերձում հայտարարել է, որ երկիրը վրեժ կլուծի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվածների համար։

«Վստահեցնում եմ բոլորին, որ մենք առանց վարանելու վրեժ կլուծենք ձեր նահատակների արյան համար», — ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Խամենեին նաև պահանջել է Վաշինգտոնից և Թել Ավիվից փոխհատուցում՝ հարձակումների հետևանքով պատճառված վնասների համար։ Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա, և Թեհրանը այն կօգտագործի որպես լծակ հակամարտության ընթացքում։

Նա նաև կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին հնարավորինս շուտ փակել իրենց տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները՝ հավելելով, որ ակնկալում է կառուցողական հարաբերություններ հարևան երկրների հետ։

«Մենք նախապես զգուշացրել էինք, դեռ մինչև հարձակումներ սկսելը, որ կհարվածենք բազաներին։ Եվ այժմ մենք ստիպված ենք շարունակել դա», — նշել է նա։

Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել էր փետրվարի 28-ին, ինչից հետո երկրում հայտարարվել էր 40-օրյա սուգ։ Մոտ մեկ շաբաթ Իրանը կառավարվել էր ժամանակավոր ղեկավար խորհրդի կողմից, որից հետո երկրի ղեկավար է դարձել Մոջթաբա Խամենեին։

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններn Իրանի դեմ շարունակվում են արդեն երկրորդ շաբաթը։ Այդ ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց։

Թել Ավիվում հայտարարել են, որ իրենց նպատակը Թեհրանին միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից զրկելն է։ Վաշինգտոնը սպառնացել է ոչնչացնել Իրանի ռազմական ներուժը և կոչ է արել երկրի քաղաքացիներին տապալել գործող իշխանություններին։

Իրանը, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանվել և առայժմ չի տեսնում բանակցությունների վերսկսման իմաստ։ Հակամարտության սրման ֆոնին գրեթե դադարել է նավարկությունը Հորմուզի նեղուցով, որը համաշխարհային շուկա նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարումների կարևորագույն ուղիներից մեկն է Պարսից ծոցի երկրներից։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment