Իրանը Ռուսաստանից մարդասիրական օգնություն է խնդրել

Իրանը Ռուսաստանից մարդասիրական օգնություն է խնդրել

12 մարտի 2026 – 18:56 AMT

PanARMENIAN.NetԻրանը դիմել է Ռուսաստանին մարդասիրական օգնություն ստանալու խնդրանքով։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բազմաթիվ հիվանդանոցների և շտապօգնության կայանների ավերման, ինչպես նաև մեծ թվով վիրավորների, այդ թվում՝ կանանց և երեխաների առկայության պատճառով իրանական կողմը դիմել է բարեկամ պետություններին, այդ թվում՝ Ռուսաստանին, դեղորայքի մատակարարման խնդրանքով», — ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Զախարովայի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ արդեն կազմակերպվել է մարդասիրական օգնության առաքումը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռն Ադրբեջան է տեղափոխել ավելի քան 13 տոննա մարդասիրական օգնություն, որը նախատեսված է Իրանի համար։

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն Իրանի դեմ շարունակվում են արդեն երկրորդ շաբաթը, և այդ ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցնում։

Թել Ավիվում հայտարարել են, որ իրենց նպատակը Թեհրանին միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից զրկելն է։ Վաշինգտոնը սպառնացել է ոչնչացնել Իրանի ռազմական ներուժը և կոչ է արել երկրի քաղաքացիներին տապալել գործող իշխանություններին։

Իրանը, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանվել և առայժմ չի տեսնում բանակցությունների վերսկսման իմաստ։

Հակամարտության սրման ֆոնին գրեթե դադարել է նավարկությունը Հորմուզի նեղուցով, որը համաշխարհային շուկա նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարումների կարևորագույն ուղիներից մեկն է Պարսից ծոցի երկրներից։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment