ՀՀ 10 քաղաքացի Կատարից անվճար տեղափոխվել է Օման

ՀՀ 10 քաղաքացի Կատարից անվճար տեղափոխվել է Օման

13 մարտի 2026 – 10:34 AMT

PanARMENIAN.Net – Դոհայում ՀՀ դեսպանությունը մարտի 12-ին անվճար տեղափոխում է կազմակերպել Կատարից դեպի Օման Հայաստանի քաղաքացիների համար։ Հնարավորությունից օգտվել է 10 մարդ, առողջական խնդիրներ ունեցողներ և տարեցներ։ հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նախաձեռնության մասին նախապես տեղեկացվել են Կատարում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիները:

Դոհայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է ամենօրյա կապ պահպանել Կատարի Պետությունում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ և հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել նրանց։

Դեսպանությունում դեսպան Տիգրան Գևորգյանի մասնակցությամբ արդեն երկու անգամ կազմակերպվել են հանդիպումներ ՀՀ քաղաքացիների հետ։ Քննարկումների և կարիքների գնահատման արդյունքում ԱԳՆ-ն որոշում է ընդունել Կատարում գտնվող բոլոր Հայաստանի քաղաքացիների համար ապահովել Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր, որոնք տրամադրվել են ԱԳՆ-ի և դեսպանության համատեղ աշխատանքի շնորհիվ։

Գևորգյանը անձամբ ուղեկցել է Հայաստանի քաղաքացիներին մինչև Սաուդյան Արաբիայի սահման։

Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի համար ևս ապահովվել են Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր՝ նրանց Հայաստան վերադարձը կազմակերպելու նպատակով։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment