Սպիտակ տունը և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել են ռուսական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամանակավոր մեղմացման մասին՝ նպատակ ունենալով կայունացնել համաշխարհային շուկան և նվազեցնել վառելիքի գները։ Այս որոշումը կայացվել է Մերձավոր Արևելքում Իրանի մասնակցությամբ ռազմական հակամարտության սրման և Հորմուզի նեղուցի փաստացի փակման ֆոնին, ինչը հանգեցրել է նավթի համաշխարհային գների կտրուկ աճի։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է երկրներին մեկ ամսվա ընթացքում գնել այն ռուսական նավթն ու նավթամթերքը, որոնք արդեն գտնվում են ծովում և բեռնված են տանկերների վրա։
Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պարզաբանել է, որ սա նպատակային և կարճաժամկետ քայլ է, որն ուղղված է առաջարկի դեֆիցիտի լրացմանը և չի նախատեսում Ռուսաստանի համար երկարատև տնտեսական օգուտներ, քանի որ արտոնությունը վերաբերում է միայն տարանցիկ փուլում գտնվող բեռներին։ Նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ակնարկել էր այս հնարավորության մասին՝ նշելով, որ վառելիքի բարձր գները հարվածում են ամերիկյան սպառողներին, և վարչակազմը պատրաստ է ժամանակավորապես չեղարկել որոշ սահմանափակումներ, մինչև իրավիճակը շտկվի։ Այս քայլը հաջորդում է Հնդկաստանին տրված նմանատիպ արտոնությանը, որը թույլ էր տվել նյու Դելին շարունակել ռուսական հումքի ներկրումը՝ չնայած գործող պատժամիջոցներին։
