Ակտիվացել են հեռախոսային զեղծարարությունների դեպքերը – Նորություններ 13.03.2026

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին՝ վերջին շրջանում ակտիվացել են հեռախոսային զեղծարարությունների դեպքերը, որոնք իրականացվում են «5G» ծառայության անվան տակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը:

«Հանցագործները զանգահարում են տարբեր հեռախոսահամարներից, ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակիցներ և հայտնում, թե իբր անհրաժեշտ է ձեր հեռախոսում տեղադրել հատուկ հավելված՝ 5G ցանցին միանալու կամ կապի որակը բարելավելու համար:

Ձեր ներբեռնած ծրագիրը զեղծարարներին հնարավորություն է տալիս հեռակա կարգով կառավարել ձեր հեռախոսը, հասանելիություն ստանալ բանկային հավելվածներին և վայրկյանների ընթացքում հափշտակել ձեր հաշիվներում առկա գումարները:

Այս զեղծարարություններից կարող եք պաշտպանվել ստորև ներկայացված շատ պարզ քայլերով

Մի՛ տեղադրեք անծանոթ հավելվածներ անծանոթ անձանց հորդորով:

Բջջային օպերատորները երբեք չեն պահանջում ծրագրեր ներբեռնել հեռախոսազանգի միջոցով:

Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես ընդհատեք խոսակցությունը և զանգահարեք ձեր օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment