Ինչո՞ւ Օլիվեյրան չի կարող հաղթել Ծառուկյանին հնարավոր ռևանշ մենամարտում. հայ մարտիկի նախկին մարզչի վերլուծությունը

Արման Ծառուկյանի նախկին մարզիչ Սերգեյ Թորոսյանը խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի առաջատարների հնարավորությունների մասին։

Ավելի վաղ UFC 326-ի գլխավոր մենամարտում բրազիլացի Չարլզ Օլիվեյրան մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Մաքս Հոլոուեյին։

​«Կարծում եմ՝ ռևանշում Արմանն է՛լ ավելի վստահ կհաղթեր Օլիվեյրային։ Նույնիսկ եթե Արմանը պարտերում հանկարծ հայտնվի նրա բռնվածքի տակ, 100 տոկոսով ոտքի կկանգնի։ Օլիվեյրայի համար միակ հնարավորությունը ցավեցնող կամ խեղդող հնարքով հաղթելն է։

​Հոլոուեյին Արմանը կհաղթեր երկրորդ ռաունդում։ Նա չէր փորձի ցավեցնող հնարք կիրառել Օլիվեյրայի պես, այլ շեշտը կդներ պարտերում հարվածներով մենամարտն ավարտելու վրա: Իսկ այդ հարցում Արմանը շատ ավելի լավն է, քան Օլիվեյրան։ Հոլոուեյը շատ հարմար մրցակից է Ծառուկյանի համար»,- ասել է Թորոսյանը։

​Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում կայացած «Hype FC Brazil» գրեփլինգի մրցաշարի գլխավոր գոտեմարտում Արման Ծառուկյանը մրցել է Մուհամադ Մոկաևի հետ և հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ հաղթել խեղդող հնարքով։

​UFC-ում Ծառուկյանն իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով պարտության մատնելով Դեն Հուկերին։

Leave a Comment