ԱՄՆ ժամանակավորապես հանել է պատժամիջոցները ռուսական նավթից. Մոսկվայի օրական շահույթը $150 մլն-ով ավելացել է

Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը արտոնել է նավթատարներով առաքվող ռուսական հում նավթի եւ նավթամթերքների վաճառքը, հայտնում է Reuters-ը։ Արտոնագիրը կգործի մինչեւ ապրիլի 11-ը։

Ավելի վաղ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առանց երկրների անուններ նշելու, ասել էր, որ Մերձավոր Արեւելքում պատերազմի պատճառով նավթի վաճառքի նկատմամբ պատժամիջոցները կարող են ժամանակավորապես չեղարկվել։

ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակման արդյունքում Հորմուզի նեղուցի փակվելու հետեւանքով նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են։

Ռուսաստանը կարող է Մերձավոր Արեւելքում պատերազմի պատճառով օրական մինչեւ 150 մլն դոլար ստանալ նավթի գների աճի հաշվին, գրում է Financial Times թերթը։

Ըստ գնահատականների՝ Մոսկվան արդեն ստացել է 1,3-ից 1,9 մլրդ դոլարի լրացուցիչ եկամուտ նավթի արտահանման հարկերից՝ Հորմուզի նեղուցի փակվելուց հետո։

FT-ի հաշվարկներով` Ռուսաստանի կառավարությունը կարող է մինչեւ մարտի վերջը ստանալ 3,3-ից 4,9 մլրդ դոլարի լրացուցիչ եկամուտ։

Դա տեղի կունենա այն դեպքում, եթե այս ամսում ռուսական «Ուրալ» տեսակի նավթի մեկ բարելի միջին գինը կազմի մոտ 70-80 դոլար` նախկին երկու ամիսների միջին ցուցանիշի` մոտ 52 դոլարի փոխարեն։

Leave a Comment