Իրաքում ԱԹՍ-ի հարվածից զոհվել է ֆրանսիացի զինծառայող, մի քանիսը վիրավորվել են

Ֆրանսիացի զինծառայողի մահվան մասին հայտնել է նախագահ Էմանուել Մակրոնը X-ում։ Դեպքը տեղի է ունեցել Էրբիլում։ ԱԹՍ-ի հարձակումից նաեւ վիրավորվել են մի քանի զինծառայողներ։

«Այս հարձակումը մեր ուժերի վրա, որոնք 2015 թվականից մասնակցում են «Իսլամական պետության» դեմ պայքարին, անընդունելի է»,- գրել է Մակրոնը։

Իրանում պատերազմը չի կարող արդարացնել նման հարձակումները, շեշտել է Ֆրանսիայի նախագահը։

Ֆրանսիական բանակը ավելի վաղ հայտնել էր, որ հակաահաբեկչական պատրաստություն անցկացնող վեց ֆրանսիացի զինծառայողներ վիրավորվել են անօդաչու սարքի հարձակման հետևանքով։

Դրանից մի քանի ժամ առաջ նույն շրջանում հարձակման էր ենթարկվել նաև իտալական բազան։

Ֆրանսիացի  հարյուրավոր զինծառայողներ են գտնվում Էրբիլում «Իսլամական պետության» դեմ գլոբալ պայքարի միջազգային կոալիցիայի շրջանակում։ Այնտեղ գտնվում է նաև ամերիկյան զորախումբը, որն արդեն ենթարկվել է հարձակումների՝ ԱՄՆ-ի և Իսրայել կողմից Իրանի դեմ պատերազմն սկսվելուց հետո։

Leave a Comment