Գիտե՞ք, որ էներգիայի ընտրությունը անմիջական ազդեցություն ունի օդի որակի վրա, որը շնչում ենք

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հետաքրքրաշարժ նյութ է հրապարակել «Իսկ դուք գիտե՞ք, որ էներգիայի ընտրությունը անմիջական ազդեցություն ունի օդի որակի վրա, որը շնչում ենք» վերնագրով:

«Եկե՛ք հասկանանք հանածո վառելիքի խնդիրները․ հանածո վառելիքի (նավթ, գազ, ածուխ) այրումից մթնոլորտ են արտանետվում վնասակար նյութեր (NO₂, SO₂, CO, CO₂, PM2.5, PM10, օրգանական աղտոտիչներ), որոնք խթանում են շնչառական և սրտանոթային հիվանդությունները:

Իսկ հիմա ծանոթանանք մաքուր էներգիայի լուծումներին․

արևային և հողմային էներգիայի արտադրության ընթացքում գրեթե արտանետումներ չկան, հետևաբար օդը չի աղտոտվում վնասակար նյութերով՝

  • արևային վահանակները լույսն ուղղակի վերածում են էլեկտրաէներգիայի,
  • քամու տուրբինները օգտագործում են օդի հոսքը՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար։

Այս գործընթացներում չկա այրման փուլ, այսինքն՝ հանածո վառելիք չի օգտագործվում, և հետևապես, արտանետումները գրեթե զրոյական են։

Հիդրոէներգիայի և ջերմային էներգիայի արտադրության ժամանակ արտանետումները ևս ավելի քիչ են հանածո վառելիքի կիրառման համեմատությամբ։ Արդյունքում օդի որակն ավելի բարենպաստ է, իսկ առողջության վրա ռիսկերը՝ փոքր։

Գիտական տվյալների համաձայն՝ եթե քաղաքային էներգիայի 50%-ը ապահովվի վերականգնվող աղբյուրներից, ապա օդում մանր մասնիկների՝ PM2.5-ի մակարդակը մեկ տասնամյակի ընթացքում կարող է նվազել մինչև 30%-ով։

Ի՞նչ կարող ենք անել մենք նպատելու համար մաքուր օդի պահպանությանը․

  • անցում կատարել վերականգնվող էներգիայի աղբյուրների,
  • օգտագործել էներգախնայող սարքեր,
  • նվազեցնել էլերգիայի անհարկի սպառումը՝ անջատել միացրած սարքերը, երբ դրանք չեն օգտագործվում,
  •  օգտվել հեծանիվներից կամ ոտքով քայլել։

Մեկ փոքր քայլը ուղիղ ազդեցություն ունի քաղաքի օդի մաքրության և Ձեր առողջության վրա»,- նշվում է նյութում։

Leave a Comment