ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է «Տաշիր կապիտալին» լիցենզիայից զրկելու գործընթացը հակասահմանադրական չէ և համապատասխանում է երկրի Սահմանադրությանը: Որոշման մեջ ասվում է․
«Սահմանադրական դատարանն ավարտեց 10.03.2026թ. գործով քննությունը, որը վերաբերում էր «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետին, 27-րդ հոդվածի 2.1-ին մասին, 52.1-ին հոդվածի 1-3-րդ մասերին և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասին՝ սահմանադրությանն համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու համար: Այսօր հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումը, որի եզրափակիչ մասում նշվում է:
Սահմանադրական դատարանը որոշեց.
«Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
«Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
«Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 1-ին, 2 և 3-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը:
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Մյուս մասերով գործի վարույթը կարճվել է: Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրադարակվի օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում»:
Այս առիթով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրել է․
«ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է Ազգային ժողովի մի շարք ընդդիմադիր պատգամավորների դիմումը՝ անփոփոխ թողնելով էներգետիկայի ոլորտը կարգավորող մի շարք առանցքային օրենսդրական դրույթներ։
Սահմանադրական դատարանը դրանով փաստել է, որ այդ իրավակարգավորումներն ամբողջությամբ համապատասխանում են Սահմանադրության պահանջներին և սահմանադրական կարգավորումներին։ Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
