12 մարտի 2026 – 17:39 AMT
PanARMENIAN.Net – Երևանի 2026 թվականի բյուջեում իրականացվել են մի շարք փոփոխություններ։ Համապատասխան որոշումը ընդունվել է Երևանի ավագանու մարտի 12-ի նիստում։
Հաշվի առնելով համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի և քաղաքացիական կացության ակտերի մասով պետական տուրքի նվազեցումները, մնացորդային գումարը կազմել է 8 մլրդ 201 մլն դրամ, որը նախատեսվել է ուղղել Երևան քաղաքում տարբեր ծրագրերի իրականացմանը, հայտնում է Արմենպրեսը:
Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը նշել է. «Բյուջեի եկամտային մասում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքը, նախատեսվում է պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան նվազեցնել 154 մլն դրամով, սուբվենցիաներն ավելացնել 160 մլն դրամով և այն ուղղել այլընտրանքային աշխատանքային ծառայությունների դրամական փոխհատուցմանը։ Իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցնել 76 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է վարկա-դրամաշնորհային ծրագրերի մասով, արտարժույթի փոփոխություններով, որոնք արդեն ըստ ծրագրային նպատակայնության կարտացոլվեն Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում։
Հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները՝ համաձայն որի Քաղաքացիական ակտերի գրանցման և դրան վերաբերող այլ գործառություններից գանձվող պետական տուրքերն այսուհետև փոխանցվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, առաջարկվում է համապատասխան եկամտատեսակը նվազեցնել 120 մլն դրամով»:
Նշվել է նաև, որ Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը փաստացի կազմել է 16 մլրդ 370 մլն դրամ, որից 4 մլրդ 528 մլն դրամ արդեն բաշխվել է Երևան համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեով։
Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի փաստացի կատարման վերջնական արդյունքներն հաշվի առնելով՝ որոշման նախագծով նախատեսվել է տարեսկզբի ազատ մնացորդը ճշգրտել 11 մլրդ 841 մլն դրամով։ Այդ գումարից 76 մլն դրամը նախատեսվել է ուղղել նախորդ բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների կատարմանը։ Այդ պարտավորությունների կատարումից հետո ձևավորված մնացորդից 3 մլրդ 280 մլն դրամը նախատեսվել է օգտագործել նախորդ տարիներին մեկնարկած աշխատանքների ֆինանսավորման համար։ Մնացորդային գումարը կազմել է 8 մլրդ 201 մլն դրամ, որը նախատեսվել է ուղղել Երևան քաղաքում տարբեր ծրագրերի իրականացման: