Արցախ վերադարձը «իրատեսական» չէ, Ադրբեջանի դեմ դատական հայցերի հարուցումը՝ «նույնպես», մնում է «պատասխանատու նշանակել» Հայաստանի Հանրապետությանը




1in.am Ստեփանակերտցի փաստաբան Էրիկ Բեգլարյանը, որ նախկինում զբաղեցրել է Արցախի փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը, ֆեյսբուքյան գրառման ձեւաչափով դիմել է Արցախի «իշխանություններին» և հորդորել, որ բռնատեղահանված բնակչության խնդիրների լուծման համար առաջնորդվեն իր մոտեցումներով: Բեգլարյանը գտնում է, որ արցախցիները շարժումը միայնակ չեն սկսել, ուստի Հայաստանը չի կարող նրանց «հաշվին խաղաղություն ստեղծել», այլ պարտավոր է կատարել Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունը:


 


Նա համոզված է, որ Հայաստանի կառավարությունը Արցախի «իշխանությունների» առաջարկությունը չի ընդունի, ուստի վերջիններս հարցը կարող են ներկայացնել դատարան, իսկ եթե բոլոր ատյաններում հաջողության չհասնեն, ապա՝ ՄԻԵԴ: Կարելի է ենթադրել, որ սա մասնավոր անձի տեսակետ չէ, բռնատեղահանված բնակչության շրջանում մանավանդ վերջին մի քանի շաբաթների կտրվածքով լուրջ քարոզչություն է տարվում, որ Հայաստանը «պարտավոր է փոխհատուցել նրանց բոլոր կորուստները»:


 


Արցախի փաստաբանների պալատի նախկին նախագահի ասածն, ըստ էության դա է և «հիմնավորվում» է այն թեզով, որ Հայաստանը Ադրբեջանի հետ «խաղաղություն է հաստատում արցախցիների հաշվին»: Կենցաղային-խոհանոցա-փողոցային մակարդակում այս մտայնությունը, գուցե, գոյության իրավունք ունի: Բայց խնդիրը տեղափոխել իրավական հարթություն՝ վերջնանպատակ ունենալով ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության դեմ հայցի հարուցումը, նշանակում է մի բան, քառասունչորսօրյա պատերազմի և Արցախի վերջնական օկուպացիայի ու էթնիկ զտման պատասխանատվությունը հասցեագրել Հայաստանի Հանրապետությանը:


 


2023թ. սեպտեմբերի 25 –ին Արցախի տեղեկատվական շտաբը, որ փաստացի հանդես էր գալիս որպես նախագահ Սամվել Շահրամանյանի մամուլի ծառայություն, հանդես է եկել հայտարարությամբ և իրազեկել, որ «Հայաստան տեղափոխվել ցանկացողները ժամը 14:00-ից սկսած Ստեփանակերտի հինգ բենզալցակայաններում կարող են անվճար վառելիք ստանալ»: Հայ բնակչության Արցախից «տեղափոխվելու» վերաբերյալ այլ պաշտոնական հայտարարություն առ այս պահը հայտնի չէ:


 


Արցախի իշխանություններն ինչո՞ւ են ընտրել «Հայաստան տեղափոխվել ցանկացողներ» ձևակերպումը: Իրավիճակի «զգայունությունը» հասկանալի է, բայց չէ՞ որ թույլ է տրվել այնպիսի բնորոշում, որ Ադրբեջանից հանում է պատասխանատվությունը. «Մենք առաջարկել ենք մնալ, ընդունել քաղաքացիություն, ստանալ աշխատանքի իրավունք, բայց նրանք գերադասեցին տեղափոխվել Հայաստան»,-անցյալ փետրվարի France 24 հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը:


 


Էրիկ Բեգլարյանն ասել է, որ Արցախ վերադարձը «իրատեսական» չէ: Երևի «ոչ իրատեսական» է նաև փոխհատուցման համար Ադրբեջանի կառավարության դեմ ՄԻԵԴ-ում կոլեկտիվ կամ անհատական հայցերի հարուցումը: Մնում է «պատասխանատու նշանակել» Հայաստանին: Բայց չէ՞ որ դա ծանրագույն փորձություն կլինի ոչ միայն գործող, այլեւ հաջորդ կառավարությունների համար:


Leave a Comment