ՌԴ ԱԳՆ-ն մարտի 12-ին հայտնել է, որ Հայաստանը հրաժարվել է արցախցի փախստականների համար նախատեսված ռուսական հումանիտար օգնության հերթական խմբաքանակի առաքումից:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մանրամասնելով, որ աջակցությունն իրականացվում էր «Ռուսական հումանիտար առաքելություն», «Եվրասիա» ԻՈԱԿ-ի և «Ռոսսոտրուդնիչեստվո» կառույցների միջոցով:
ՀՀ կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս հայտարարությունները:
Զախարովայի խոսքով, ծրագիրը մեկնարկել էր 2025 թվականի հունիս-հուլիսին՝ ի պատասխան հայաստանյան հասարակական կազմակերպությունների դիմումի, և այդ ընթացքում օգնություն է ստացել շուրջ 7000 ընտանիք։ Փոխանցվել է շուրջ 140 տոննա բեռ՝ պարեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնց մի մասը ձեռք է բերվել հենց Հայաստանում՝ տեղական արտադրությանն աջակցելու նպատակով:
Զախարովայի փոխանցմամբ՝ պաշտոնական Երևանը մերժումը հիմնավորել է նախընտրական օրենսդրության նորմերով, որոնք սահմանափակում են նվիրատվություններն ու բարեգործական օգնությունը ընտրարշավի փուլում: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ հայկական կողմը չի հստակեցրել, թե կոնկրետ որ իրավական ակտերն են խոչընդոտում գործընթացին։
Ըստ Զախարովայի՝ Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների հետ կապված կառույցներին արգելում է բացառապես քարոզչությունը, սակայն ոչ հումանիտար աջակցության տրամադրումը։
Զախարովան ընդգծել է, որ օգնություն ստանալու համար քաղաքացիների դիմումների թիվը շարունակում էր աճել ընդհուպ մինչև հայաստանյան կողմից այդ մերժումը, և Երևանին ուղղված հարցմանը պատասխան չի ստացվել: Նա նման քայլը կապել է ընտրությունների նախաշեմին հայաստանյան իշխանությունների՝ Ռուսաստանի վերաբերյալ հիշատակումները վերացնելու ցանկության հետ:
