Ավինյան․ Երևանյան լճի հարակից տարածքները պետք է լինեն կանաչապատ

Ավինյան․ Երևանյան լճի հարակից տարածքները պետք է լինեն կանաչապատ

12 մարտի 2026 – 16:26 AMT

PanARMENIAN.NetԵրևանյան լճի հարակից տարածքները պետք է լինեն կանաչ տարածքներ, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում:

«Եթե չեմ սխալվում, դրանք որոշել ու ֆիքսել ենք, որ դառնալու են անտառային հողեր։ Այդ որոշումը կայացրել է Երևանի քաղաքապետարանը՝ տարբեր ճարտարապետների ու բնապահպանների հետ քննարկումների արդյունքում»,- նշել է Ավինյանը, հայտնում է Radar Armenia-ն:

Քաղաքապետը նաև ընդգծել է, որ այդ գործընթացում որոշակի խնդիր է առաջացել տարածքների սեփականատերերի հետ, որը փորձում են լուծել համապատասխան մեխանիզմներով։

«Այստեղ որևէ թաքնված բան չկա։ Շատ պարզ և բաց տրամաբանություն կա։ Իսկ Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը ընդունվել է 2024 թվականի սեպտեմբերին, որը հասանելի է GIS հարթակում»,- շեշտել է նա։

Ավինյանի խոսքով՝ այդ հարթակում հնարավոր է ցանկացած հողի կադաստրային կոդը մուտքագրելով տեսնել դրա նպատակային և գործառնական նշանակությունը։

Երևանյան լճի հարակից տարածքների կանաչապատման գործընթացի մեկնարկի մասին հայտարարվել էր դեռևս 2 տարի առաջ՝ 2024-ի մարտին: Հայտարարվել էր, որ ժայռապատ հատվածների համար մշակվել է դենդրոնախագիծ. կկիրառվեն լանդշաֆտային ճարտարապետության էլեմենտներ, և որ Երևանյան լճի կանաչապատման նախագծով նախատեսված է տարածքը ձևավորել բազմաթիվ գեղարվեստական թփերով ու բույսերով։

Leave a Comment