Հայաստանը գերմանական Վերակառուցման վարկերի բանկից (KfW) կներգրավի 120 միլիոն եվրոյի վարկ՝ երկրի էներգահամակարգը Վրաստանի էներգահամակարգին միացնելու նպատակով: Կառավարությունը մարտի 12-ի նիստում հավանություն է տվել համապատասխան համաձայնագրի ստորագրմանը:
Վարկային համաձայնագրի շրջանակում Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեում նախատեսված է 45,6 միլիարդ դրամ: Այդ գումարից 43,5 միլիարդ դրամը կկազմեն վարկային միջոցները, իսկ 2,1 միլիարդ դրամը՝ համաֆինանսավորումը: Համարժեք արտահայտությամբ դա 103,5 միլիոն եվրո է, որից 98,9 միլիոնը՝ վարկ, իսկ 4,6 միլիոնը՝ համաֆինանսավորում:
Բացի այդ, կառավարությունը հավանություն է տվել գերմանական Վերակառուցման վարկերի բանկի հետ 15 միլիոն եվրոյի դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ – NIF. Փուլ II» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը նախատեսում է հայկական և վրացական էներգահամակարգերի միացումը 500/400/220 կՎ լարման հաստատուն հոսանքի փոխակերպման բարձրավոլտ կայանի միջոցով, որը կկառուցվի Այրում բնակավայրում՝ Վրաստանի հետ սահմանին: Դրա վերջնական հզորությունը կկազմի 1050 ՄՎտ:
Վրաստանի կողմից միացումը կիրականացվի «Մառնեուլի» ենթակայանից՝ 500 կՎ լարման օդային էլեկտրահաղորդման գծով, իսկ Հայաստանի կողմից՝ Դդմաշենի ենթակայանից՝ 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծով:
Արդյունքում նախատեսվում է առաջին փուլում Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից հասցնել մինչև 350 ՄՎտ-ի, իսկ հետագայում՝ մինչև 1050 ՄՎտ-ի՝ կախված տարածաշրջանային շուկայում պահանջարկից:
Ծրագրի շրջանակներում կնքվել է նաև խորհրդատվական պայմանագիր Fichtner GmbH & Co.KG ընկերության հետ: Անցկացվում է մրցույթ՝ Դդմաշենի ենթակայանի, էլեկտրահաղորդման գծերի և հաստատուն հոսանքի փոխակերպման կայանի կառուցման գլխավոր կապալառուների ընտրության համար:
Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Andritz Hydro GmbH և China National Electric Engineering ընկերությունները: Ներկայումս իրականացվում է տեխնիկական առաջարկությունների գնահատում, որից հետո սահմանված կարգով կբացվեն ֆինանսական հայտերը:
Հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Վրաստանի և Իրանի հետ արդեն իսկ գործող կապերին զուգահեռ Հայաստանի էներգահամակարգը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին միացնելու նպատակահարմարության մասին: Նա հավելել էր, որ էներգետիկ նախագծեր նախատեսված են նաև TRIPP նախաձեռնության շրջանակներում, և այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ տարվում են: Փաշինյանը մերժել էր այն կարծիքը, թե նման նախագծերը սպառնալիքներ են պարունակում Հայաստանի համար՝ հայտարարելով, որ ընդհակառակը, դրանք եկամտի նոր աղբյուրներ և տնտեսական հնարավորություններ են ստեղծում:
