Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին
- ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 9-րդ բաժնի 60-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.3-րդ պարագրաֆով.
- 2.3. Ատելության խոսքից կամ վարքագծից տուժած անձանց պատժված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները
Հոդված 1087․4. Ատելության խոսքի կամ վարքագծի հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները
- Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային վարքագծի կամ խոսքի, այդ թվում՝ հայհոյանքի, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում է անձին կամ անձանց խմբին՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հիմքը, կարգը, եղանակը և չափը որոշվում են սույն հոդվածով:
- Անձը կամ անձանց խումբը, որոնց նկատմամբ հնչեցվել է ատելության խոսք կամ դրսևորվել է ատելության վարքագիծ, կարող է դիմել դատարան ատելության խոսք հնչեցրած կամ վարքագիծ դրսևորած անձի դեմ:
- Սույն Օրենսգրքի իմաստով՝ ատելության խոսքից կամ վարքագծից տուժած է համարվում այն անձը կամ անձանց խումբը, որոնց նկատմամբ դրսևորվել է ատելության խոսքը կամ վարքագիծը:
- Ատելության խոսքի կամ վարքագծի դեպքում անձը կամ անձանց խումբը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.
- Եթե ատելության խոսքը, նյութը կամ առարկան տարածվել է համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի միջոցով կամ հավելվածում, այդտեղից հեռացնել ատելության խոսք համարվող հրապարակային խոսքը, նյութը կամ առարկան:
- Նույն պայմաններում դատարանի վճռով լրիվ կամ մասնակի հրապարակել այդ որոշումը՝ սահմանված ձևով:
- Հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ դատարանի սահմանած ձևով:
- Նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկից մինչև 2000-ապատիկի չափով հատուցում վճարել:
- Իրավունքի պաշտպանության հայցը կարող է ներկայացվել դատարան անձին հայտնի դառնալու պահից մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան 6 ամիս ատելության խոսքի հրապարակային հնչեցումից կամ վարքագծի դրսևորման պահից:
- Տուժած անձը կամ անձանց խումբը կարող է պահանջել ոչ նյութական վնասի հատուցում՝ անկախ դատապարտվողի վարչական կամ քրեական պատասխանատվությունից:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին
- 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացնել նոր՝ 41․11-րդ հոդվածով.
Հոդված 41․11. Ատելության խոսք կամ վարքագիծ դրսևորելը, ինչպես նաև ատելության խոսք պարունակող հրապարակումը չհեռացնելը
- Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային խոսք, այդ թվում՝ հայհոյանք հնչեցնելը կամ այդպիսի վարքագիծ դրսևորելը, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում է անձին կամ անձանց խմբին՝ առաջացնում է տուգանքի նշանակման նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:
- Համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքերի կամ հավելվածների միջոցով տարածվող ԶԼՄ-ների կողմից անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային խոսք, այդ թվում՝ հայհոյանք, չհեռացնելը՝ ոչ ուշ, քան 3 օրացուցային օրվա ընթացքում, առաջացնում է տուգանքի սահմանում՝ նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով:
- Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողներին, որոնց կողմից նմանատիպ հրապարակային խոսք տարածվել և չհեռացվելը պարտավորվում է 3 օրվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի սահմանում՝ նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով:
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի զարգացումը զգալիորեն փոխել է հանրային հաղորդակցման ձևերը։ ԶԼՄ-ները և սոցիալական հարթակները դարձել են հիմնական հարթակները, որտեղ ձևավորվում և տարածվում է հանրային կարծիքը։ Սակայն այս հարթակներում հաճախ հանդիպում է ատելության խոսք, որը ուղղված է անհատների կամ խմբերի դեմ՝ նրանց սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, կրոնի, քաղաքական կամ այլ հայացքների, տարիքի, հաշմանդամության կամ այլ անձնական և սոցիալական բնույթի հատկանիշներով։
Ներկա օրենսդրությամբ ատելության խոսքի համար միայն քրեական պատասխանատվություն է սահմանված (ՔՕ 329-րդ և 330-րդ հոդվածներ), ինչը բավարար չէ ատելության խոսքի ավելի մեղմ դրսևորումների դեպքում։ Քաղաքացիական և վարչական պատասխանատվության մեխանիզմներ բացակայում են, ինչը թույլ չի տալիս կանխարգելել նման երևույթների տարածումը և ապահովել տուժած անձանց արագ իրավական պաշտպանություն:
Միջազգային փորձը և պարտավորությունները (օրինակ՝ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» դաշնագիր, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիա) ընդգծում են, որ պետք է ստեղծել համաչափ և բազմաշերտ համակարգ, որը հնարավորություն կտա ոչ միայն պատժել քրեաիրավական տեսանկյունից վտանգավոր դրսևորումները, այլև պաշտպանել տուժածների իրավունքները քաղաքացիական կամ վարչական միջոցներով, ներառյալ առցանց միջավայրում՝ սոցիալական ցանցերում և կայքերում տարածված խոսքի դեպքում։
Այս համատեքստում ստեղծվում է անհրաժեշտություն ընդունել օրենք, որը կսահմանափակի ատելության խոսքի տարածումը, կներառի պատասխանատվության վարչական և քաղաքացիական մեխանիզմներ, և միաժամանակ կհամապատասխանի միջազգային չափանիշներին ու արդի տեխնոլոգիական պայմաններին։
Առաջարկվող կարգավորման բնույթը
- Նախագիծը ստեղծում է վարչական և քաղաքացիական իրավական մեխանիզմներ ատելության խոսքի դեմ, որոնք լրացնում են քրեաիրավական կառուցակարգը:
- Արդյունավետ կանխարգելում և տուժած անձանց ոչ նյութական վնասի հատուցում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։
Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող կարգավորումը հնարավորություն է տալիս արդյունավետորեն կանխարգելել ատելության խոսքի տարածումը՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով, միաժամանակ ապահովելով տուժած անձանց իրավունքների վերականգնումը ոչ նյութական վնասի հատուցման միջոցով: Քաղաքացիական, վարչական և քրեական պատասխանատվության համատեղ կիրառումը թույլ կտա ձևավորել ատելության խոսքի դեմ պայքարի այնպիսի իրավական համակարգ, որը համահունչ է միջազգային չափանիշներին։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը համահունչ է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի 4.5-րդ կետին։
Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է։
Նախատեսվում է, որ օրենքներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։