Հարմարավետությունը ամենուր է, բայց տունը՝ միայն մեկ տեղում». Մադլեն Մինասյանի գիտակցված վերադարձը Հայաստան․«Սփյուռքի ձայնը»

Կան մարդիկ, որոնք հայրենիքը սիրում են հեռվից՝ կարոտով ու հուշերով, և կան մարդիկ, որոնք որոշում են կիսել այդ հայրենիքի խնդիրներն ու հաղթանակները։ ԱՄՆ-ում ծնված ու մեծացած, արդեն 25 տարի Հայաստանում բնակվող Մադլեն Մինասյանը երկրորդ տեսակին է պատկանում։ «Picsart» ընկերության ուսուցման և զարգացման մասնագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, «WellNest»-ի համահիմնադիր. Մադլենի մասնագիտական գործունեության ոլորտները բազմազան են, սակայն նրա գլխավոր սկզբունքը գիտակցված հայրենասիրությունն է, որը ենթադրում է ոչ թե խնդիրների անտեսում, այլ դրանց լուծմանն ուղղված աշխատանք։

Արթնացումը. Հայաստանը՝ որպես իրական վայր

Մադլենի կապը հայրենիքի հետ փոխվեց 1988-ին, երբ Սպիտակի երկրաշարժի կադրերը հայտնվեցին ամերիկյան հեռուստաէկրաններին։ «Առաջին անգամ ես տեսնում էի իմ նման երեխաների, որոնք շատ դժվար իրավիճակում էին։ Հայաստանն ինձ համար դարձավ ոչ թե տատիկիս հուշերի երկիրը, այլ իրական վայր»,— վերհիշում է նա: Տարիներ անց ԴՆԹ թեստի միջոցով պարզված 98% հայկական ծագումը միայն հաստատեց նրա ներքին զգացողությունը՝ Հայաստանը սեփական տունն է։

Ինտեգրում և մասնագիտական մշակույթ

Նյու Յորքում ապրելն ու աշխատելը Մադլենի համար հարմարավետություն էր, որտեղ, սակայն, բացակայում էր հուզական կապը։ Տեղափոխվելով Հայաստան՝ նա բախվեց տեղական կոլեկտիվ մտածելակերպին։ Նա սովորեց կիսվել հայաստանյան ջերմությամբ, բայց իր հետ բերեց ամերիկյան պրոֆեսիոնալիզմը՝ ուսանողներին փոխանցելով ժամանակի արժևորման կարևորությունը. «Մի րոպե ուշանալը ծայրահեղ վիրավորանք է այն մարդուն, որի ժամանակը թանկ է»։

Հայացք իրականությանը. ցավը և զարգացումը

Մադլենի պատկերացումները Հայաստանի մասին զերծ են ռոմանտիկ պատրանքներից։ 25 տարվա ընթացքում նա տեսել է թե՛ անտարբերություն, թե՛ քաղաքացիական գիտակցության աճ։ Նա ապրել է 1997-ին Արցախի Քարին տակ գյուղում, պատերազմում կորցրել է ուսանողին, սակայն հուսահատության փոխարեն ընտրել է արարելու ճանապարհը։ Նրա համոզմամբ՝ իրական փոփոխությունն սկսվում է անհատի պատասխանատվությունից։

Հոգեկան առողջություն և կնոջ դերը

Տեսնելով հետպատերազմյան սթրեսների ազդեցությունը հասարակության վրա՝ Մադլենը համախոհների հետ ստեղծեց «WellNest» վերականգնման կենտրոնը։ Նրա նպատակն է կոտրել կնոջ՝ անդադար «զոհաբերվելու» և «դիմանալու» անառողջ կարծրատիպը՝ կարևորելով ինքնախնամքն ու հոգեկան առողջությունը։

Ուղերձ Սփյուռքին. գործընկերություն, ոչ թե օգնություն

Որպես «Picsart»-ի մասնագետ և երկու մշակույթների կրող՝ Մադլենը կարծում է, որ Սփյուռքը պետք է դառնա Հայաստանի գործընկերը, այլ ոչ թե պարզապես օգնողը։ «Սփյուռքը պիտի ջանք թափի, որ մեզ պարտնյոր դառնա։ Հարմարավետությունը կարելի է գտնել ամենուր, բայց տունը՝ միայն մեկ տեղում»,— եզրափակում է նա։

Leave a Comment