Իրանի ԱԳՆ-ն հաստատել է՝ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է։ Այս մասին իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Նա վնասվածք ունի, բայց ամեն ինչ լավ է, չգիտեմ, թե երբ է նա իր առաջին ելույթը ունենալու», – ասել է նա։

Իրանցի դիվանագետը նաև նշել է, որ Գերագույն առաջնորդի պաշտոնի համար պայքարում էին «երեք կամ չորս թեկնածուներ», սակայն Փորձագետների խորհրդի մեծամասնությունը ընտրել է Մոջթաբա Խամենեիին՝ սպանված այաթոլլա Ալի Խամենեիի որդուն։

Իսրայելական «12-րդ ալիքը» Մոջթաբա Խամենեիի վիրավորման մասին առաջին անգամ հայտնել է մարտի 7-ին՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ Ալի Խամենեիի որդին վիրավորվել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման առաջին օրը՝ փետրվարի 28-ին։

Նրա ներկայիս գտնվելու վայրը անհայտ է։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին նաև, որ Իրանի դեմ առաջին հարձակման ժամանակ, հորից բացի, զոհվել են Մոջթաբայի մայրը, կինը և դուստրը։

Leave a Comment