Ոչ մի բան ձրի չի տրվում, պետությունը ձրի չի տրվում. Փաշինյան

Այդ ամեն ինչի արդյունքում Հայաստանը ձեռք է բերել իրական անկախություն և իրական խաղաղություն։ Այս մասին, այսօր՝ մարտի 12–ին, կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ ոչ մի նախագահի օրոք Հայաստանն այնքան պատերազմներ, էսկալացիաներ և զոհեր չի ունեցել, որքան իր կառավարման տարիներին։

«Նախորդ շրջանի ամբողջ ռազմավարությունը եղել է հետևյալը.  ոչինչ, թող ևս 30 տարի այսպես ձգվելով, քամվելով, կիսապետությունից մեկ քառորդ պետություն դառնալով և այդպես շարունակենք գնալ։ Այդ ամեն ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել անկախություն, և առիթ ունեցել եմ ասելու, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը պետություն է ավելի, քան երբևէ, անկախ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ, խաղաղ է, քան երբևէ, զարգացած է, քան երբևէ և ունի մեծ հեռանկարներ, քան երբևէ։

Գիտե՞ք, ոչ մի բան ձրի չի տրվում. պետությունը ձրի չի տրվում։ Էդ որ ասում եք՝ երաշխավոր, բա ինչի՞ չեք ասում, որ Ջերմուկի և մյուս այդ իրադարձությունների ժամանակ բոլորը հիացական և կրքոտ երաշխավոր էին,  բա էդ ժամանակ մենք ունեինք երաշխավոր։ Ձեր ասած նախորդ ղեկավարների ժամանակ ձևավորված, ստորագրած, վավերացրած, երդում կերած անվտանգության երաշխիքներ կային։ Բա էդ անվտանգության երաշխիքները ինչի՞ չաշխատեցին»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ դրանք 30 տարի աշխատել են, վարչապետն ասաց.

«30 տարի աշխատել են Հայաստան պետություն չլինելու հաշվին, 30 տարի աշխատել են Հայաստանի վասալ լինելու հաշվին և չեն աշխատել, որովհետև 30 տարի սահմանին զոհեր ենք ունեցել։

2025 թվականը առաջին օրացուցային տարին է անկախությունից ի վեր, երբ մենք Ադրբեջանի այդ հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Մենք հազարավոր զոհեր ենք ունեցել, և այսօր, այո՛, խաղաղություն է, և Հայաստանի ժողովուրդը պետք է տեր կանգնի այդ խաղաղությանը»։

Leave a Comment