Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե որն է պատճառը, որ Եվրախորհրդարանի ամբիոնից իր ելույթում հայտարարել, որ Հայ Առաքելական եկեղեցու որոշ հոգևորականներ ստանձնել են Հայաստանում պատերազմի կուսակցության առաջնորդությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Հիմա անդրադառնալով հարցին, թե ինչու եմ ասում, որ Կտրիճ Ներսիսյանը և իր խումբը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ ասեմ, որ դա շատ պարզ բացատրություն ունի։ Ես գնում եմ պատարագի և տեսնում եմ, որ պատարագի ժամանակ, օրինակ, պատարագի տեքստից շեղվում են և հղում են անում՝ Արցախի Հանրապետություն և այլն և այլն։ Շատ լավ, հասկացանք, եկեք բոլորս սկսենք հղում անել Արցախի Հանրապետությանը, դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Հետո, եթե այդ տեսությունը մենք որդեգրում ենք, դրա որդեգրման ճանապարհին պետք է գնալ կոնֆլիկտի։ Բա ո՞նց ենք լուծում։ Ամեն այդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ՝ այսօր, վաղը, մյուս օրը, այն մյուս օրը, ես չգիտեմ, բայց դա նշանակում է պատերազմի կոչ։ Գիտեմ՝ հիմա հարցնելու եք, թե ինչու էի ժամանակին ասում՝ «Արցախը Հայաստան է և վերջ։ Աստվածաշնչում մի հատված կա, որը կփորձեմ մոտավորապես մեջբերել, կարող է ամբողջությամբ ճշգրիտ չլինել. «Ողբ արեցինք, և դուք լաց չեղաք, նվագ հնչեցրինք, և դուք պար չեկաք»։ Այն ժամանակ, երբ պայքարելու ժամանակն էր, բոլորը կենտրացած էին, թե ոնց Երևանում կառավարություն փոխեն, ուզում էին զորքը հետ քաշեին, որ գան Երևանում հեղաշրջում անեն։ Ավարտվել է, ես ասել եմ, որ ղարաբաղյան շարժում չկա։ Եվ ամեն անգամ, երբ խորանից հղում են անում, երբ ամեն ամբիոնից ասում են Արցախի Հանրապետություն, դա պատերազմի ճանապարհին ոտք դնել է։ Մենք ամեն անգամ այդպես խոսում ենք, Ադրբեջանն էլ իր խոսույթն է զարգացնում։ Որ ասում են վերադարձ, ի՞նչ վերադարձ, որտե՞ղ վերադարձ։ Կա փախստականների վերադարձի թեմա՞։ Ադրբեջանն էլ նույն ձևով նույն թեման է առաջ քաշում։ Այդ թեմաները զարգանալու են, բախվելու են իրար, դառնան պատերազմ»,- ասաց Փաշինյանը։