Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Նուբարաշենի աղբավայր կատարած այցին՝ ներկայացնելով, թե ինչ իրավիճակում էր այն նախորդ տարի և ինչ է հիմա։
«Նախորդ տարի աղբավայրի գրեթե ամբողջ տարածքով ունեինք աղբի բլուրներ, որոնք հրդեհավտանգ էին, չունեինք լուսավորություն, տեսախցիկներ, արգելափակոցներ և ավտոմեքենաների մուտքի ու ելքի հստակ գրանցում», – ասել է քաղաքապետը՝ ընդգծելով, որ այժմ փաստացի «Նոր աղբավայր» ընկերությունն է իրականացնում աշխատանքները։
Նրա խոսքով՝ օրական 150 մեքենա հող է մտնում աղբավայր, ստեղծվել է 4 հիմնական հարթակ, տեղադրվել է 45 սյուն՝ երկկողմանի լուսավորելով աղբավայրը։ Ծածկվել է աղբի գրեթե 85%-ը։
«Այդ հարթակներից է տեղի ունենալու աղբի թափումը, որից հետո հողով ծածկվելու է։ Սա տալիս է հրդեհների վտանգի էական նվազում, աղբավայրում վստահորեն մեծ կառավարելիություն, նաև հստակ իմանում ենք՝ քանի մեքենա է մտնում, ամեն ինչ կանոնակարգվել է», – ասել է Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ աշխատակիցների ընդունում է նախատեսվում։
