12 մարտի 2026 – 13:00 AMT
PanARMENIAN.Net – Նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ փաստաթուղթն ունի «հակամարտության տրամաբանություն»։
Նրա խոսքով՝ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա, «չենք կարող կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել», հայտնում է Radar Armenia-ն:
Վարչապետը նաև մեկնաբանել է, թե ինչու է ասում, որ Գարեգին Բ-ն ստանձնել է «պատերազմի կուսակցության առաջնորդությունը»։ Ըստ նրա՝ պատարագի տեքստում հղում են անում Արցախի Հանրապետությանը:
«Հղում ենք անում Արցախի Հանրապետություն, դա նշանակում է կոնֆլիկտ»,- ասել է նա՝ հավելելով, որ ամեն նման նախադասություն նշանակում է պատերազմի կոչ:
Ավելի վաղ ՀՀ բոլոր պաշտոնյաները հայտարարում էին, որ ՀՀ նոր սահմանադրությունը կապ չունի Ադրբեջանի ներկայացրած պահանջների հետ, որը պահանջում է «հանել Սահմանադրության նախաբանից հղումները Անկախության հռչակագրին»՝ դա համարելով նկրտում իր տարածքային ամբողջականության դեմ: