Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացին

Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացին

12 մարտի 2026 – 12:16 AMT

PanARMENIAN.NetՄոլդովայի կառավարությունը մարտի 11-ին անցկացված նիստում հավանություն է տվել երկրի՝ Անկախ պետությունների համագործակցությունից` ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացին՝ աջակցելով այն հիմնարար համաձայնագրերի դենոնսացմանը, որոնց վրա հիմնվում է երկրի անդամակցությունը կազմակերպությանը։

Խոսքը վերաբերում է ԱՊՀ կանոնադրությանը, որը ստորագրվել է Մինսկում 1993 թվականի հունվարի 22-ին, ինչպես նաև ԱՊՀ ստեղծման մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրին և այդ համաձայնագրի 1991 թվականի դեկտեմբերի 22-ի հավելվածին, հայտնում է Deutsche Welle-ն:

Այժմ օրինագիծն ուղարկվել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հաստատմանը։ Եթե նա հավանություն տա դրան, փաստաթուղթը կներկայացվի երկրի խորհրդարան։ Դրական որոշման դեպքում Մոլդովայի իշխանությունները կտեղեկացնեն ԱՊՀ գործադիր կոմիտեին, և 12 ամիս անց հանրապետության մասնակցությունը կազմակերպությանը կդադարեցվի։

Այն մասին, որ Մոլդովան սկսել է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը, հունվարին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը։ Նրա խոսքով՝ Քիշնևը արդեն դենոնսացրել է ԱՊՀ-ի հետ ստորագրված 283 համաձայնագրերից 71-ը, իսկ ևս մոտ 60-ը գտնվում են դենոնսացման գործընթացում։

Միևնույն ժամանակ նախարարը ընդգծել է, որ Մոլդովան չի պատրաստվում հրաժարվել այն համաձայնագրերից, որոնք տնտեսական օգուտ են բերում կամ ունեն կարևոր գործնական նշանակություն քաղաքացիների համար, եթե դրանք չեն հակասում երկրի եվրոպական ուղեգծին։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հունվարին նաև հայտարարել է, որ պատրաստ է աջակցել իր երկրի Ռումինիային միանալու գաղափարին՝ եթե անցկացվի համապատասխան հանրաքվե։ Ռումինիան ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ է։ Իր դիրքորոշումը Սանդուն բացատրել է Ռուսաստանից եկող ճնշումներից երկիրը պաշտպանելու անհրաժեշտությամբ։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ բնակչության մեծ մասը չի կիսում այդ մոտեցումը և ավելի իրատեսական տարբերակ է համարել Մոլդովայի անդամակցությունը Եվրամիությանը։ Հարցումների համաձայն՝ Ռումինիայի հետ միավորման գաղափարին աջակցում է Մոլդովայի բնակչության մոտ մեկ երրորդը։

Մոլդովայի ներկայիս կառավարությունը նպատակ է դրել երկիրը մինչև 2030 թվականը միացնել Եվրամիությանը։ Սակայն դրա համար Քիշնևը պետք է իրականացնի մի շարք բարդ բարեփոխումներ։

Leave a Comment