COP17-ի մասնակիցների համար ՀՀ մուտքի վիզայի պահանջը կարող է ժամանակավորապես վերացվել

COP17-ի մասնակիցների համար ՀՀ մուտքի վիզայի պահանջը կարող է ժամանակավորապես վերացվել

12 մարտի 2026 – 11:15 AMT

PanARMENIAN.Net – Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որով նախատեսվում է էապես պարզեցնել Հայաստան մուտք գործելու գործընթացը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի` COP 17-ի մասնակիցների համար։

Նախագծով առաջարկվում է որոշակի կատեգորիայի անձանց ժամանակավորապես ազատել ՀՀ մուտքի վիզա ստանալու պահանջից, ինչպես նաև դրա համար սահմանված պետական տուրքի վճարումից, հայտնում է Factor.am-ը:

Այս նախաձեռնությունը ուղղված է 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք խոշոր միջազգային միջոցառման պատշաճ կազմակերպմանը։ COP 17 համաժողովը, որը նախատեսվել է անցկացնել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը, Հայաստան է բերելու օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հարյուրավոր պաշտոնական պատվիրակություններ։

Այս համատեքստում մուտքի ընթացակարգերի պարզեցումը դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ ապահովելու պատվիրակությունների ներկայացուցիչների անխոչընդոտ ժամանումը և մասնակցությունը համաժողովին։

Առաջարկվող փոփոխությունների շրջանակում նախատեսվում են մի շարք հիմնական դյուրացումներ։ Մասնավորապես՝ պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներն ու նրանց ուղեկցող անձինք կազատվեն մուտքի արտոնագիր ստանալու պահանջից։ Այն մասնակիցների համար, որոնց վրա չի տարածվի առանց վիզայի ռեժիմը, կկիրառվի վիզա ստանալու պարզեցված կարգ, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգի միջոցով։ Բացի այդ, համաժողովի մասնակիցները կազատվեն վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից։

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերը կավելանան այն գումարի չափով, որը կարող էր գոյանալ չգանձված պետական տուրքերից։ Այնուամենայնիվ, կառավարությունը այս քայլը դիտարկել է որպես անհրաժեշտ ներդրում՝ միջազգային հարթակում Հայաստանի հեղինակությունը բարձրացնելու և համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Ակնկալվել է, որ նախաձեռնությունը զգալիորեն կնվազեցնի բյուրոկրատական գործընթացները հազարավոր այցելուների համար և կնպաստի COP 17 համաժողովի հաջող անցկացմանը՝ միաժամանակ ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես միջազգային կարևոր միջոցառումներ հյուրընկալող վստահելի գործընկեր։

Հայաստանը որպես հյուրընկալող երկիր ընտրվել է 2024 թվականի հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացված նախորդ համաժողովի ընթացքում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու կազմակերպչական աշխատանքների համար սահմանված սեղմ ժամկետները՝ ՀՀ վարչապետը հանձնարարել է COP 17-ի նախապատրաստական գործընթացը դիտարկել որպես կառավարության առաջնահերթություններից մեկը։

Leave a Comment