Էրդողան․ Նեթանյահուն աղետ է դարձել Իսրայելի ժողովրդի համար

Էրդողան․ Նեթանյահուն աղետ է դարձել Իսրայելի ժողովրդի համար

12 մարտի 2026 – 11:26 AMT

PanARMENIAN.Net – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դարձել է «աղետ իր իսկ ժողովրդի համար», որը ժամանակին վերապրել է Հոլոքոստը։

«Նույնիսկ իսրայելցի ժողովուրդը, որն ամեն գիշեր անցկացնում է ռմբապաստարաններում, ասում է, որ Հոլոքոստից հետո իրենց վրա եկած ամենամեծ աղետը Նեթանյահուն է», — հայտարարել է Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով իր կուսակիցների առջև, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հարաբերությունների ճգնաժամի պատճառն իսրայելական կառավարության քաղաքականությունն է պաղեստինյան տարածքների նկատմամբ, ինչպես նաև Գազայում իրականացվող ռազմական գործողությունները, որոնք Անկարան համարում է անընդունելի։ Այս ֆոնին երկրների միջև քաղաքական երկխոսությունը գրեթե կանգ է առել, իսկ փոխադարձ մեղադրանքները դարձել են պարբերական։

Մարտի 11-ի երեկոյան Իսրայելի հյուսիսային և կենտրոնական քաղաքները ենթարկվել են լիբանանյան շիա արմատական «Հեզբոլլահ» շարժման կողմից իրականացված լայնածավալ հրթիռային հարձակման։

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) իր պաշտոնական Telegram ալիքում հաղորդել է, որ արձակվել է մոտ 150 հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է որսալ, հայտնում է Deutsche Welle-ն:

Հրթիռակոծությունը սկսվել է մոտավորապես ժամը 20։00-ին։ Իսրայելի հյուսիսային և կենտրոնական շրջաններում հայտարարվել է օդային տագնապ։ Հայֆայում նույնպես հնչել են ազդանշաններ, որոնք զգուշացրել են տարածաշրջանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի արձակման մասին։ Նախնական տեղեկություններով՝ հարձակման հետևանքով առնվազն երկու մարդ է տուժել։

Լիբանանյան խմբավորումն իր հերթին տարածել է հայտարարություն, որտեղ նշել է, որ հարձակման թիրախը եղել են Իսրայելի ռազմական օբյեկտները և բնակավայրերը, որոնք գտնվում են Լիբանանի հետ սահմանից հինգ կիլոմետր շառավղում։ Խմբավորման հայտարարության մեջ նաև նշվել է, որ այդ բնակավայրերի բնակիչները պետք է տարհանվեն։

«Հեզբոլլահի» հարձակմանը պատասխանելով՝ Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին։

«Հեզբոլլահի» հրթիռային հարձակումն Իսրայելի դեմ դարձել է ամենամասշտաբայինը այն ժամանակից ի վեր, երբ սկսվել է Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ, որտեղ լիբանանյան խմբավորումը աջակցել է Թեհրանին։

Հարձակումից կարճ ժամանակ անց ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել Բեյրութում գտնվող խմբավորման օբյեկտներին, մասնավորապես Դահիա շրջանում, որը համարվում է «Հեզբոլլահի» հիմնական հենակետերից մեկը։ Իսրայելական զինվորականների տվյալներով՝ հարվածների ընթացքում խոցվել են շիա շարժման 10 շտաբներ, ինչպես նաև հրթիռների արձակման պատրաստ կայանքներ։

Տեղի բնակիչները հրապարակել են տեսանյութեր, որոնցում երևում են պայթյուններ և քաղաքի տարբեր հատվածներից բարձրացող ծուխ։

Իրանը հայտարարել է «Հեզբոլլահի» հարձակմանն աջակցելու մասին և նույնպես հարվածներ է հասցրել Իսրայելին։

Լիբանանից իրականացված հրթիռակոծությունից կարճ ժամանակ անց Իսրայելի ուղղությամբ Իրանից արձակվել են բալիստիկ հրթիռներ, հայտնել է ՑԱՀԱԼ-ը։ Իսրայելական ռազմական գերատեսչության տվյալներով՝ դրանք բոլորը որսացվել են։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) այս ֆոնին հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ երկու երկրների տարածքից իրականացված հրթիռակոծությունը եղել է «համատեղ գործողություն»։ ՑԱՀԱԼ-ը այս տեղեկությունը չի հաստատել։

Մարտի 12-ի գիշերը Իսրայելը կրկին ենթարկվել է Լիբանանից իրականացված հարձակման, որի ընթացքում կիրառվել են հեռահար հրթիռներ։ Այդ հարձակման ժամանակ օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում և նրա շրջակայքում։ Իրանը նաև արձակել է ևս մեկ բալիստիկ հրթիռ Իսրայելի կենտրոնական հատվածի ուղղությամբ, իսկ ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Թեհրանում գտնվող ԻՀՊԿ օբյեկտներին պատասխան հարվածներ հասցնելու մասին։

Փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ իրականացրել են զանգվածային ավիահարվածներ՝ հայտարարելով «Էպիկական կատաղություն» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Դրա հետևանքով սպանվել են Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և իրանական ղեկավարության այլ ներկայացուցիչներ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելին և Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։

Այն բանից հետո, երբ «Հեզբոլլահը» միացել է պատերազմին Իրանի կողմում՝ Իսրայելի ուղղությամբ արձակելով հրթիռներ և անօդաչու սարքեր, ՑԱՀԱԼ-ը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին և Բեյրութի հարավային արվարձաններին, որտեղ գտնվում է խմբավորման ենթակառուցվածքը։ «Հեզբոլլահի» հրամանատարական կենտրոնների, հրթիռային կայանքների և զենքի պահեստների վրա արդեն հասցվել են հարյուրավոր ավիահարվածներ։

Leave a Comment