Անհայտ կորած զինծառայողների 21 ընտանիքի տրվող աջակցությունը երկարաձգվել է, կառավարությունը 18,9 միլիոն դրամ է հատկացրել այդ որոշման իրագործման համար։
Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում ընդգրկված որոշման նախագիծը վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության շարունակականության ապահովմանը:
Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ սահմանվել էր անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամսական 300,000 դրամ սոցիալական աջակցություն տրամադրելու միջոցառումը, որը տևում է մինչև զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Վճարումների ժամկետը վերջին անգամ երկարաձգվել էր մինչև 2026 թվականի մարտ ամիսը ներառյալ:
Սակայն 2026 թվականի հունվարի 15-ի դրությամբ դեռևս դատական ակտեր չունեցող 21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը փաստացի դադարեցվել էր հունվարի 1-ից: Ներկայացվող նախագծով առաջարկվում է վերականգնել այդ վճարումները ևս երեք ամսվա համար, ինչի համար կպահանջվի լրացուցիչ 18,9 միլիոն դրամ:
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 2-ի նիստում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ նախատեսվում է ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, սահմանել անհայտ կորած անձի կարգավիճակը, ինչպես նաև ամրագրել նրանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքները:
