«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը կընդլայնվի – Tsayg

Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ անդրադառնալով կրթական համակարգում արհեստական բանականության ներդրման ընթացքին ու դրա հետագա ընդլայնմանը։

«Արհեստական բանականության կրթական համակարգ մուտքը անխուսափելի է, ուստի ներկայումս ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից աշխատանքներ են տարվում համապատասխան գործիքակազմերի մշակման ուղղությամբ: Մշակվել է ճանապարհային քարտեզ, որը ներառում է երեք հիմնական և փոխկապակցված ուղղություն, որոնք միտված են ոչ միայն կրթական համակարգի վերափոխմանը, այլև ապագայի մարտահրավերներին դիմակայելու ընդունակ և ստեղծագործ սերունդ կերտելուն»,-նշեցին գերատեսչությունից։

Ըստ այդմ՝ ամրագրվել են կարճաժամկետ (ընդհանուր վերապատրաստում և խորացված մասնագիտական վերապատրաստում), միջնաժամկետ (մենթորական ցանցի ստեղծում) և երկարաժամկետ (ինստիտուցիոնալացում) թիրախներ:

ԱԲ ինտեգրումը կրթության ոլորտում դիտարկվում է երեք հիմնական ուղղություններով, մասնավորապես՝ ԱԲ կրթություն, որի հիմնական նպատակն է ապահովել, որ և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները ստանան ԱԲ-ն արդյունավետ օգտագործելու գիտելիքներն ու հմտությունները, երկրորդ ուղղության նպատակն է բարձրացնել կրթական համակարգի ընդհանուր արդյունավետությունը՝ ԱԲ գործիքների կիրառման միջոցով, իսկ երրորդը՝ կրթությունը՝ ԱԲ դարաշրջանում, որը պահանջում է կրթության բովանդակության և մեթոդաբանության խորքային վերաիմաստավորում՝ հաշվի առնելով, որ աշխարհը մտնում է ԱԲ դարաշրջան, փոխվում են նաև մարդուց պահանջվող հմտություններն ու կարողությունները։

Ինչպես նշեցին գերատեսչությունից, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից դեռևս 2023 թվականից  իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, սկզբում՝ հանրապետության 7 մարզի 15 ավագ դպրոցում, այնուհետև  ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկն ընդլայնվել է  հասնելով 26-ի և ընդգրկելով բոլոր մարզերը: Ծրագրում 2025-2026թթ. ուսումնական տարում ընդգրկված է շուրջ 800 սովորող։

Ակնկալվում է, որ ծրագրի ավարտին՝ որպես վերջնական չափելի արդյունքներ, ՀՀ ողջ տարածքում սովորողները կզինվեն խորացված մաթեմատիկայի (խորացված հանրահաշվի) կիրառական գիտելիքներով և հմտություններով՝ համաձայն հանրակրթության պետական չափորոշչի պահանջների, բացի գիտելիքներից նրանք օժտված կլինեն նաև 21-րդ դարին համահունչ հմտություններով, ինչպիսիք են՝ քննադատական մտածողությունը, թիմային աշխատանքի կարողությունը, խնդիրներ առաջադրելու, լուծելու և հաղորդակցման հմտությունները:

Բացի այդ՝ ակնկալվում է, որ կընդլայնվի ԱԲ գրագիտությունը մեծ թվով շահառուների շրջանում՝ նպաստելով, որ երկրում ավելի շատ անհատների կողմից ԱԲ-ի ներուժի ու ոլորտի զարգացման կարևորության գիտակցմանն ու ըմբռնմանը:

Կանխատեսվում է, որ ավագ դպրոցի աշակերտների շուրջ 10-15%-ը կունենա ԱԲ ոլորտի հիմքային գիտելիքներ և մոտիվացիա մասնագիտանալու ու շարունակելու կրթությունը այս ոլորտում: Ծրագիրը վերջնարդյունքում նպատակ ունի նաև բարելավել կրթական համակարգը՝ նորարարական լուծումների ներդրմամբ:

Շարունակելով արհեստական բանականության ոլորտում բարեփոխումների գործընթացը՝  2024թ. հոկտեմբերի 5-ին ստորագրվել է հուշագիր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Սինոփսիս Արմենիա»-ի, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի և Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության միջև՝ «STEP.ai գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագիրը» իրականացնելու նպատակով։

ԿԳՄՍ նախարարությունից մանրամասնեցին, որ այս դասընթացն ապահովում է ԱԲ թեմաների համապարփակ լուսաբանում՝ հարմարեցված հանրակրթության պետական չափորոշիչներով սահմանված պահանջներին։

ՏՀՏ գործատուների միության ջանքերով դասընթացը թվայնացվել է և Հայկական վիրտուալ քոլեջի հետ համագործակցությամբ ինտեգրվել է թվային հարթակում՝ սովորողներին հնարավորություն տալով օգտվել առցանց դասընթացներից, ինտերակտիվ քուիզներից, լաբորատոր աշխատանքներից և լրացուցիչ նյութերից:

Ըստ նախարարության՝ ծրագիրը փորձնական  փուլում ներդրվել է մի շարք ավագ դպրոցներում և ԱԲ դասընթացը դասավանդվել է հիբրիդային եղանակով, որը մեկտեղում է առցանց և ավանդական դասավանդման բոլոր առավելությունները։ Արդեն 2025-2026թթ. ծրագիրը իրականացվում է ՀՀ 15 դպրոցներում:

Leave a Comment