12 մարտի 2026 – 10:21 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը մարտի 10-ին հայտարարություն էր հրապարակել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին հնարավոր միջամտության մասին, որի առնչությամբ ՆԳՆ-ից ստացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրվարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն:
Պարզվել է, որ օպերատիվ-հետախուզական լիազորությունների իրականացման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքական դաշտում գործող որոշ կուսակցությունների ղեկավարների, պատասխանատուների կամ այլ դերակատարների կողմից նյութապես շահագրգռելու եղանակով խոչընդոտվել է անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը։
Մասնավորապես նշվել է, որ այլ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես եկող տարբեր դերակատարներ, այդ թվում՝ այդ երկրի խոշոր գործարարներ, հայկական համայնքի ղեկավարներ և քրեական հեղինակություններ, ճնշում են գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող, սակայն այլ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց վրա։ Վերջիններիս դրդվել է աջակցել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններին։
Ըստ նախնական տվյալների՝ դրա դիմաց խոստացվել է տարբեր պատրվակներով կազմակերպել նրանց տեղափոխումը այլ երկրից Հայաստան, փոխհատուցել ճանապարհածախսը և ապահովել Հայաստանում գտնվելու կացության ծախսերը։ Այդ կերպ նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ անձանց հարկադրվել է մասնակցել ընտրություններին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, նյութապես շահագրգռելով ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) և նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով) հատկանիշներով։
Կատարվել են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը ապահովելու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ձեռնպահ մնալ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ կամարտահայտությանը խոչընդոտելուց և զգուշացրել է, որ օրենքով նախատեսված ամբողջ գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ քայլեր՝ հնարավոր հանցավոր դրսևորումները կանխելու և չեզոքացնելու համար։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: