Դատարանն արդարացրել է Ծառուկյանին ընտրակաշառքի գործով

Դատարանն արդարացրել է Ծառուկյանին ընտրակաշառքի գործով

12 մարտի 2026 – 10:15 AMT

PanARMENIAN.Net – Մարտի 11-ին Հակակոռուպցիոն դատարանն, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում է կայացրել ճանաչել և հայտարարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անմեղությունը «ընտրակաշառքի գործով»։

Նույն դատավարության շրջանակում անցնող Սեդրակ Առուստամյանը, որը նախկինում ղեկավարել է «Մուլտի գրուպ» ընկերությունը, դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու հոդվածով, հայտնում է Sputnik Արմենիան:

Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը դատարանում հայտարարել է, թե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվել են քաղաքական հետապնդումներ և նրա վրա ճնշումներ են գործադրվել՝ նպատակ ունենալով նրան լռեցնել։ Պաշտպանի խոսքով՝ պատճառը եղել է այն, որ Ծառուկյանը հաճախ է շփվել լրատվամիջոցների հետ և իշխանությունների հասցեին հնչեցրել է քննադատական գնահատականներ։ Մասնավորապես, նա մի առիթով հայտարարել է, որ կառավարությունը պետք է ամբողջությամբ փոխվի, քանի որ բոլոր ոլորտներում ձախողումներ են եղել։

Պաշտպանը որպես օրինակ մեջբերել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ժամանակվա խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությունը, որը հնչել է 2020 թվականի հունիսի 6-ին․ «Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաև ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»:

Սարգսյանի խոսքով՝ վարչապետի խոսնակը նման հայտարարություն է արել այն ժամանակ, երբ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ որևէ քրեական գործ դեռ գոյություն չի ունեցել։

«Հաճելիորեն զարմացած ենք դատարանի որոշումից։ Ամբողջ պրոցեսին հետևելով` իրավական առումով մի գրամ կասկած չունեինք, որ պետք է արդարացում լինի։ Մանրամասն ներկայացրինք, գեթ մեկ ապացույց չկար, որ պարոն Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել, բայց պրոցեսներն ու քաղաքական այս երևույթները հուշում էին, որ դատարանը կաշկանդվածություն ունի»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

Գագիկ Ծառուկյանը նույնպես անդրադարձել է գործին՝ նշելով. «2600 հոգու են հարցաքննել, 110 քննիչ, ու ոչ մեկը Գագիկ Ծառուկյանի անունը չի տվել»,- ասել է Ծառուկյանը։

Նա նաև նշել է, որ մինչև դատարանի որոշումը չէր հավատացել, թե նման վճիռ կարող է հրապարակվել, և արդեն քննարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը։

2020 թվականի հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունն խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Նրա նկատմամբ հարուցվել է երեք քրեական գործ, որոնցից մեկը վերաբերել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Գործի նյութերի համաձայն՝ ԲՀԿ-ն ընտրողների շրջանում բաժանել է հարյուր հազարավոր դրամների ընտրակաշառք։

Leave a Comment