11 մարտի 2026 – 17:31 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ-ն պատրաստ է ավտոմոբիլային կապ ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդում ունեցած ելույթի ժամանակ:
«Հայաստանը պատրաստ է առկա ենթակառուցվածքներով Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև ավտոմոբիլային կապը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
«Մենք այս առաջարկն անում ենք, քանի որ ինչպես ինքներս ենք մի փոքր այլընտրանքային տարբերակներով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց, ինչպես Ադրբեջանն է սպասում դեպի Նախիջևան կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի միջոցով Հայաստանի հարավի ու հյուսիսի երկաթուղային կապի հաստատմանը: Սա Հայաստանի համար այլընտրանք չունի, քանի որ Հայաստանի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս երկաթուղային կապ ունենալ երկի հարավի ու հյուսիսի միջև»,-հայտարարել է Փաշինյանը։
Նա նաև ասել է, որ Հայաստանը չի ունեցել և չունի մտադրություն հետաձգելու Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, մասնավորապես՝ TRIPP նախագիծը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Մենք հայտարարել ենք, որ այսօր էլ պատրաստ ենք ապահովել տարանցում Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ։ Սա մի բան է, որ կարող ենք այսօր իրականացնել գոյություն ունեցող հաղորդակցության ուղիներով։ Բայց ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը մինչ այս պահը չեն օգտվել այս հնարավորությունից։ Կարծում եմ՝ պատճառներից մեկն այն է, թե նրանք կարծում են, որ այս լուծումը կարող է հետաձգել TRIPP-ի իրականացումը։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը չունի ո՛չ մտադրություն, ո՛չ էլ պատճառ հետաձգելու TRIPP նախագիծը, քանի որ այն ամբողջովին համապատասխանում է ՀՀ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներին»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը շեշտել է, որ տվյալ նախագծի իրականացումը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Նա նաև հավելել է, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստան-Ադրբեջան երկաթուղային գծի օգտագործմամբ՝ արտահանման նպատակներով։ Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ադրբեջանը նույնպես կարող է դառնալ Հայաստանի արտահանման ուղղություններից մեկը՝ նշելով, որ ներկայում Հայաստանը արդեն նավթամթերք է ներմուծել Ադրբեջանից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր։ Փաստաթուղթը նախատեսել է Հայաստանի հարավային հատվածով՝ Սյունիքի մարզով, ռազմավարական տարանցիկ ճանապարհի ստեղծում, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան։
Բացի այդ, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը նաև սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ Հայաստանը ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տվել ամերիկյան կողմին, այլ տրամադրել է կառուցապատման իրավունք։