Վարչապետ․ Շարունակում ենք լուռ դիվանագիտությունն Ադրբեջանում պահվող հայերին վերադարձնելու համար

Վարչապետ․ Շարունակում ենք լուռ դիվանագիտությունն  Ադրբեջանում պահվող հայերին վերադարձնելու համար

11 մարտի 2026 – 17:50 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի կառավարությունը շարունակում է դիվանագիտական լուռ աշխատանք տանել Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի ազատ արձակմանը հասնելու համար։ Այդ մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջերս Ադրբեջանը մեր ևս չորս հայրենակիցների ազատ արձակեց։ hայ հանրությունը, մենք բոլորս երջանկություն ապրեցինք այդ առիթով։ Բայց kառավարությունը շատ արագ վերադարձավ դիվանագիտական լուռ աշխատանքը շարունակելուն՝ հանուն մյուսների վերադարձի, որովհետև համոզված եմ, եթե նախորդիվ դիվանագիտական լուռ աշխատանքի ոճը չընտրեինք, հունվարի 14-ին մեր չորս հայրենակիցների վերադարձը տեղի չէր ունենա»,- ասել է Փաշինյանը, գրում է Արմենպրեսը:

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել 19 հայ գերու, որոնց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ։ Նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցված շինծու քրեական գործերի հիման վրա անցկացված դատավարությունների արդյունքում կայացվել են ազատազրկման վճիռներ։

Ցմահ ազատազրկման են դատապարտվել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։

20 տարվա ազատազրկման են դատապարտվել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ 19 տարվա ազատազրկման են դատապարտվել Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը։ Դավիթ Ալլահվերդյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա ազատազրկման։

Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է չորս գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Ավելի վաղ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել էր, որ իր մոտ պահվում են 23 հայ գերի։

Leave a Comment