«Անկախ դիտորդը» հաղորդում է ներկայացրել․ «Փորձում են ՌԴ-ից և Վրաստանից ընտրողների բերել»

«Անկախ դիտորդը» հաղորդում է ներկայացրել․ «Փորձում են ՌԴ-ից  և Վրաստանից ընտրողների բերել»

11 մարտի 2026 – 17:47 AMT

PanARMENIAN.Net«Անկախ դիտորդ» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ Ռուսաստանում հայազգի գործարարների նկատմամբ ենթադրյալ ճնշումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, հայտնում է Factor.am-ը:

Հաղորդումը ներկայացվել է Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով, որը վերաբերում է կուսակցության օգտին նվիրատվություն կատարելուն հարկադրելուն։

«Արգելված է մարդկանց պարտադրել, որ կուսակցություններին նվիրատվություն կատարեն։ Իսկ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը (ФСБ) դա անում է։ Մենք այդ տեղեկություններն ունեինք ավելի քան մի ամիս, դրանց հետ կապված փորձում էինք ապացույցներ ձեռք բերել, բայց քանի որ Արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարությամբ հանդես եկավ, մենք որոշեցինք այլևս հաղորդում ներկայացնել»,- նշել է Իոաննիսյանը։

Նա նշել է, որ ինֆորամցիա հավաքելու տարբեր աղբյուրներ ունեն:

«Ճնշում գործադրողը ФСБ-ն է։ Այս ընտրությունների ժամանակ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում և Վրաստանում տեղի ունեցող այն պրոցեսներին, որոնք կապ ունեն Հայաստանի ընտրությունների հետ։ Մի հոգու մասին չի խոսքը»,- նշել է Իոաննիսյանը:

Նա հավելել է, որ տեղեկություններ ունեն նաև այն մասին, որ փորձեր են արվել ընտրողների բերել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Վրաստանից։

Նրա խոսքով՝ այս գործընթացներում նույնպես նկատելի է ռուսական պետական կառույցների հետքը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Վրաստանի դեպքում նման ներգրավվածություն պետական մարմինների կողմից չեն տեսել։

«Այդ նույն հետքը Վրաստանում չենք տեսնում, այսինքն՝ Վրաստանում պետական մարմիններն այդ «տասովշիկության» մեջ ներգրավված չեն։ Ռուսաստանում դա կա, Ռուսաստանում մարդկանց կազմակերպում են, որ բերեն, և մենք նաև տեսել ենք, որ Հայաստանում այդ բերվող ընտրողներին դիմավորելու համար ավտոբուսներ են մոբիլիզացվում»,- նշել է նա։

Իոաննիսյանը նաև ընդգծել է, որ Հայաստանում նման մեթոդներից օգտվող քաղաքական ուժերին ընտրապայքարից հեռացնելու հնարավորությունները սահմանափակ են, և դրանց դեմ պայքարը հիմնականում հնարավոր է իրականացնել իրավական մեխանիզմներով։

Արտաքին հետախուզական ծառայությունը մարտի 10-ին հայտարարությամբ հայտնել է, որ ստացել է հետախուզական տվյալներ այն մասին, թե մեկ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես եկող տարբեր դերակատարներ ճնշում են գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող, այդ երկրում տնտեսական գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ։ Ըստ այդ տեղեկությունների՝ նրանց փորձել են դրդել աջակցել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած որոշ քաղաքական ուժերի՝ ֆինանսական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերելով։

Leave a Comment