Հայերենը թվանշային իրականության մեջ․ լեզվական քաղաքականություն և տեխնոլոգիաներ. «Վերնատուն»

Թվային դարաշրջանում լեզվի կենսունակությունը չափվում է ոչ միայն առօրյա խոսակցական գործածությամբ, այլև տեխնոլոգիական հարթակներում դրա տեսանելիությամբ ու կիրառելիությամբ։ Արդյո՞ք հայերենը դառնալու է «թվայնորեն անհետացող» լեզու, թե՞ մենք ի զորու ենք ստեղծել այնպիսի գործիքներ, որոնք թույլ կտան մեր լեզվին հավասարը հավասարի պես հանդես գալ գլոբալ ցանցում։

Այս հարցերի շուրջ ենք զրուցում Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի և «Հայերենի լեզվական տեխնոլոգիաներ» հետազոտական աշխատարանի գիտական ղեկավար Մարատ Յավրումյանի հետ։ Տարիներ շարունակ լեզվական պետական քաղաքականությունն ընկալվել է որպես հայերենի օրենքով սահմանված գործառույթների պահպանմանն ուղղված միջոցառումների ծրագիր։ Դրանք հիմնականում եղել են վերահսկողական գործառույթներ, որը Լեզվի տեսչությունը ժամանակին իրականացրել և որպես ժառանգություն փոխանցել է Լեզվի կոմիտեին։ Սակայն, Լեզվի կոմիտեն, լինելով նախարարության կառուցվածքում գործող պետական մարմին, պետք է ակտիվորեն զբաղվի նաև լեզվական քաղաքականության մշակմամբ։

Ինչպես նշում է Սիրանուշ Դվոյանը, նախկինում եղել է հայերենի թվայնացման ծրագիր, որը, սակայն, նախագծային փուլից այն կողմ չի անցել։ Քանի որ խնդիրն արդիական էր, կապ հաստատվեց նախագծի հեղինակի՝ Մարատ Յավրումյանի հետ։ Նա աշխատել է Լեզվի կոմիտեում և լավ գիտեր խնդիրները ներսից։ Այդ համագործակցության արդյունքում ձևավորվեց մի ծրագիր, որն իր շուրջն է համախմբել պետական, գիտակրթական կառույցների, անհատ գիտնականների։ «Հայերենի լեզվական տեխնոլոգիաներ» հետազոտական աշխատարանը պետական նպատակային ծրագիր է, որը կոչված է սպասարկելու պետության կարիքները լեզվական քաղաքականության բնագավառում՝ օգնելով մշակել և իրականացնել կոնկրետ նախագծեր։

Աշխատարանի հիմնական գործունեությունն ուղղված է հայերենի համար լեզվական տեխնոլոգիաների ստեղծմանը, նշում է Մարատ Յավրումյանը։ Փորձում ենք հայերենը ներառել թվանշանային իրականության մեջ․ ստեղնաշարային դասավորվածություններից մինչև լեզվական մեծ մոդելներում, ինչպիսիք են ChatGPT-ն կամ Claude-ը, հայերենի պատշաճ ներկայացվածության ապահովումը։ Խմբի նպատակն է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի հայերենը թվային տիրույթում համաքայլ ընթանա համաշխարհային խոշոր տնտեսություններ սպասարկող լեզուների հետ։

Leave a Comment