11 մարտի 2026 – 12:52 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել է երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Խուդաթյանը:
«Ի շարունակություն անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման՝ քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ քննարկել ենք հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները»,–գրել է Խուդաթյանը։
Ավելի վաղ Խուդաթյանը հայտարարել էր, որ տեխնիկական առումով հնարավոր է Հայաստանի էներգետիկ համակարգի միացումը չորս հարևան երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի էներգետիկ համակարգերին։
Հունվարի 29-ի ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նպատակահարմար կլինի, եթե Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին։