Թանդիլյան․ Գրիգորյանի սպանության քաղաքական վարկածը չի քննվել

Թանդիլյան․ Գրիգորյանի սպանության քաղաքական վարկածը չի քննվել

11 մարտի 2026 – 13:12 AMT

PanARMENIAN.Net – Փարաքարի վարչական ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանության քաղաքական դրդապատճառի վարկածը չի քննվել, ասել է «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը:

«Բնականաբար ամենաողջամիտ վարկածն այն է, որ քաղաքական պատճառներով է սպանությունը եղել, և հասկանալի չէ, թե հանրային մեղադրողն ինչ հիմքով է վրեժի շարժառիթը դրել մեղադրանքի հիմքում։ Դա կարող էր լինել առավելագույնը վարկած, մեղադրյալը ևս չի ընդունում վրեժի շարժառիթը»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»:

Թանդիլյանի համոզմամբ՝ քաղաքական դրդապատճառի վարկածի ուղղությամբ ամբողջական քննություն չի իրականացվել։

«Իրականում այն մեջբերումը, որ արվել է հենց դատական նիստի ժամանակ, թե ինչպես է բղավել Մհեր Ախթոյանը, որ «Վալոդիկ դու…» չեմ ուզում կրկնել այդ արտահայտությունը, բայց դա ցույց է տալիս, որ տեղի է ունեցել սպառնալիք, որը իրականություն է դարձել։

Եվ սա ցույց է տալիս, որ մեղադրող կողմն ամբողջությամբ քննություն չի իրականացրել այդ սպառնալիքի հետքերով, և վրեժի շարժառիթն ուղղակի վերևից ցուցում է ստացել։ Մենք բավական լավ հասկանում ենք, թե ինչպես էին քաղաքական մարդիկ, այդ թվում վարչապետը հայտարարություններ գրում, իր ֆեյսբուքյան էջում ուղորդում, թե ինչպես պետք է ընթանա դատաքննությունը, հետևաբար հանրային մեղադրողն այդ թեզն է վերցրել և դրանով շարժվում է։

Բայց փաստ է, որ սպառնալիք հնչել է, այն անձի հետքերով ոչ ոք չի գնում, և մենք պետք է հետամուտ լինենք, որ նա բերման ենթարկվի և պարզաբանվի, թե ինչ է նկատի ունեցել և ինչ էր ուզում անել, երբ հնչեցրել է այդ սպառնալիքըր», -ասել է Թանդիլյանը։

Թանդիլյանը նաև նշել է, որ ցանկանում է կրկին լսել մեղադրյալի աթոռին նստած անձի խոսքը, ով հայտարարել է, թե վախերի պատճառով է խոստովանել մեղքը և այժմ հրաժարվում է իր խոստովանությունից։

«Մարդասպանը որքան ուզում է մատերին խաչեր դնել, միևնույն է ինքը պատասխան տալու է»,- ասել է Թանդիլյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ պատվիրատուները որոշակի բաներից արդեն հրաժարվել են, և գործընթացը գնում է այլ ուղղությամբ, սակայն իրենք շարունակելու են հետևել զարգացումներին՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում։

Թանդիլյանը նաև համոզմունք է հայտնել, որ սպանությունը իրականացրած անձինք այժմ գտնվում են մեղադրյալի աթոռին, սակայն պատվիրատուները դեռ չեն պատասխանատվության ենթարկվել։ Նրա գնահատմամբ՝ առնվազն հովանավորչության խնդիր կա, և այն հանգամանքը, որ սպառնալիք հնչեցրած անձի ուղղությամբ քննություն չի իրականացվում, վկայում է դեռևս չբացահայտված բազմաթիվ հարցերի մասին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում տեղի ունեցած դատական նիստում մեղադրողը ներկայացրել է Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության հանգամանքները։Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Հարությունյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ՝ առնվազն 28 փամփուշտներով։ Այդ զենքից էլ նա կրակել է Վալոդյա Գրիգորյանի, Կարեն Աբրահամյանի և Արծրուն Գալստյանի ուղղությամբ՝ վրեժի շարժառիթով։

2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում՝ Երևանյան խճուղում գտնվող նորակառույց տան մոտ, սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է նաև նրա ընկերը՝ քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։ Վիրավորում ստացած Արծրուն Գալստյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Leave a Comment