11 մարտի 2026 – 14:05 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ-ն հետաքրքրված է Չիլիի և Հարավային Ամերիկայի հետ համագործակցության խորացմամբ, ասել է աշխատանքային այցով Չիլիում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նա հանդիպել է այդ երկրի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ:
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում եմ հաջողություններ։ Դուք շատ պատասխանատու պաշտոն եք ստանձնում մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ պետք է կարևոր խնդիրներ լուծեք։
Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Չիլիի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցությունը խորացնելու հարցում և վերջին տարիներին ակտիվ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասել է նախագահը։
Կաստը նշել է, որ վերջին տասնամյակներում Չիլիում արմատական փոփոխություններ են եղել:
«Սակայն մենք պահպանում ենք ինստիտուցիոնալ և բարեկամական հարաբերություններ մեր գործընկերների հետ և հետաքրքրված ենք նաև Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ և համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր նախաձեռնություններով»,- ասել է Խոսե Անտոնիո Կաստը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրավիճակին և զարգացումներին, ինչի կապակցությամբ Հանրապետության նախագահը գործընկերոջը ներկայացրել է ընթացիկ գործընթացների վերաբերյալ մանրամասներ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու և առաջնահերթ ուղղությունները ճշգրտելու շուրջ։ Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է արհեստական բանականության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մեծ ներուժը և դրա լիարժեք իրագործման կարևորությունը, ինչը կարող է նոր և արդյունավետ հարթակ ստեղծել երկու երկրների համար։
Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Չիլիի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան։