11 մարտի 2026 – 15:01 AMT
PanARMENIAN.Net – Խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների անցողիկ շեմն իջեցվել է, դաշինքներինը՝ բարձրացվել: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասուլիսում ներկայացրել է Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել փետրվարի 7-ից։
Նրա խոսքով՝ նոր կարգավորումներով խորհրդարան անցնելու կուսակցությունների անցողիկ շեմը նվազեցվել է մինչև 4 տոկոս, հայտնում է «Փաստինֆոն»:
«Մինչև 3 կուսակցություն դաշինքի կազմում ընդգրկվելու դեպքում անցողիկ շեմը 8 տոկոս է, իսկ 3 և ավելի կուսակցությունների դեպքում դաշինքը պետք է հաղթահարի 10 տոկոսի շեմը»,-ասել է նա:
Միաժամանակ փոփոխվել է նաև ընտրություններին մասնակցելու համար նախատեսված գրավի չափը։ Կուսակցությունների դեպքում այն 10 միլիոն դրամից նվազեցվել է մինչև 7.5 միլիոն, իսկ դաշինքների համար սահմանվել է 15 միլիոն դրամ։
«Սա արվել է այն միտումով, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը և գաղափարակից ուժերը հակված լինեն միավորվելու և կուսակցությունները խոշորանան։
Երբ մեզ անհրաժեշտը եղավ ՀՀ-ում գրանցված կուսակցությունների կոնտակտային տվյալներ, էլեկտրոնային փոստ, որպեսզի հնարավորություն ունենաք նրանց նամակներ հղելու՝ ԿԿՀ-ն մեզ 126 կուսակցության տվյալ տրամադրվեց, սակայն ամենայն հավանականությամբ՝ գրանցված կուսակցությունների ցանկը ավելի շատ է։ Այս թիվը 2.5 մլն ընտրող ունեցող երկրի պարագայում կարծում եմ մեծ է։ Եթե օրենսդրությունը նպաստի, որպեսզի ստեղծվեն խոշոր քաղաքական ուժեր, սա շատ կարևոր արդյունք կլինի և կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, ընտրությունների որակի շարունակական բարձրացմանը»,- ասել է Հովակիմյանը։
Նա անդրադարձել է նաև մեկ այլ փոփոխության՝ կոալիցիաների ձևավորման կարգին։ Հովակիմյանի խոսքով՝ նախկինում օրենքը արգելել է երեքից ավելի քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիայի ձևավորումը, սակայն այդ սահմանափակումը այժմ հանվել է։
«Օրենքն արգելում էր 3-ից ավելի քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիաների ձևավորում, այս արգելքը հանվել է և նոր կարգավորումներով 9 -օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին։
Եթե առավել շատ ձայն ստացած քաղաքական ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո՝ ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին՝ միջազգային տերմինաբանությամբ՝ փոքրամասնության կառավարություն կամ կոալիցիա կազմելու համար։ Սրա վառ օրինակ էր Գյումրին, երբ շեմը հաղթահարած կուսակցությունները միավորվեցին ու ձևավորեցին կոալիցիա, իսկ առավելագույն ձայն ստացած քաղաքական ուժը այդ կոալիցիայից դուրս մնաց։ ԱԺ-ի պարագայում այս կարգը ևս առկա է»,-ասել է նա:
Հովակիմյանը հայտարարել է, որ եթե ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունը ներկայացրել է օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող այն չգրանցել, գրում է Radar Armenia-ն:
Նրա խոսքով՝ հանձնաժողովը կուսակցությունը գրանցում է առանց քվեարկության, եթե որևէ առարկություն չի ներկայացվել։
«Արհեստական խոչընդոտ չի կարող լինել՝ կա օրենքով սահմանված փաստաթղթերի ցանկ։ Ավելին՝ եթե ԿԸՀ-ն նկատում է, որ թեկնածուի փաստաթղթերը կիսատ են, 48 ժամ է տրամադրում՝ հրապարակայնորեն ցույց տալու համար, թե ինչ փաստաթղթեր են պակաս, և այդ ժամանակահատվածում քաղաքական ուժը պետք է լրացնի դրանք»,- ասել է նա։
Այս դեպքում, ըստ Հովակիմյանի, ԿԸՀ-ն կարող է քննարկել տվյալ քաղաքական ուժի գրանցումը մերժելու վերաբերյալ ներկայացված առարկությունը։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: