Ավարտվել է մաքսային անցակետի 5 տեսուչի կողմից բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2024 թվականի հունվարի 15-ին Պետական եկամուտների կոմիտեի Բավրայի մաքսային բաժնի 5 տեսուչ վիճելով Վրաստանից Հայաստան վերադարձող 4 անձի հետ՝ բռնություն են գործադրել նրանց նկատմամբ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Նախաքննության ընթացքում 5 մաքսային տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է ՔԿ հաղորդագրությունում:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment