Փորձագետները հորդորում են հանգստանալ. «թունավոր անձրևի» տարածում և մթնոլորտային ֆոնի փոփոխություն Հայաստանում չեն արձանագրվել․ «Էկոսֆերա»

Այս օրերին համացանցում և տարբեր լրատվամիջոցներով քննարկվում է «թունավոր անձրևի» վտանգի հարցը։ Մտահոգությունը պայմանավորված է Իրանի դեմ ընթացող ռազմական գործողություններով և հարևան երկրների վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությամբ։ Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Իրանի նավթի պահեստարանների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով առաջացած հրդեհներին։

Նավթի պահեստարանների այրման ժամանակ մթնոլորտ են արտանետվում թունավոր նյութեր, որոնք վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի և մարդու առողջության համար։ Քամու միջոցով այդ արտանետումները կարող են տարածվել նաև հարևան երկրներում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը «թթվային անձրևների» վերաբերյալ հայտնում է, որ Ամբերդի դիտակայանում իրականացնում է մթնոլորտային տեղումների որակական մոնիթորինգ։

Մարտի 7-8-ը տեղացած տեղումների լաբորատոր ուսումնասիրության համաձայն՝ թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չի դիտվել։ Կենտրոնից նաև հավելում են, որ առաջիկա 10 օրերին Իրանի տարածքում օդային հոսանքները տեղաշարժվում են դեպի արևելք՝ Թուրքմենստանի ուղղությամբ։

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնից ևս հաստատում են՝ Հայաստանում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա։ Կենտրոնի ճառագայթային անվտանգության գլխավոր մասնագետ Կարեն Հարոյանը տեղեկացնում է, որ անմիջապես հայ-իրանական սահմանին տեղադրված կայանի միջոցով իրականացվում է 24-ժամյա հսկողություն։

«Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային իրավիճակի հսկողությունն իրականացվում է 32 մոնիթորինգային կայանների միջոցով, որոնք հիմնականում տեղադրված են Հայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ, իսկ կայաններից մեկը՝ հայ-իրանական սահմանին։ Մարտի 10-ի դրությամբ որևէ փոփոխություն չի նկատվել»։

Ինչ վերաբերում է բնակչության պատրաստվածությանը, ապա մասնագետը հորդորում է չտարածել ոչ պաշտոնական տեղեկատվություն, չզբաղվել ինքնագործունեությամբ և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին։

Leave a Comment