11 մարտի 2026 – 11:27 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի հրապարակած այս տարվա զեկույցը անդրադարձել է նաև Ադրբեջանում ստեղծված իրավիճակին` Արցախում հայկական կրոնական վայրերի վտանգմանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով զեկույցի մի շարք կարևոր արձանագրումներ։
Նա տեղեկացրել է, որ զեկույցը կազմած հեղինակները Ադրբեջանը ներառել են Հատուկ դիտարկման ցանկում (Special Watch List)։
«Փաստաթղթում, մասնավորապես, արձանագրված է՝
«Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են վտանգված մնալ Ադրբեջանի կողմից:
Հուլիսի դրությամբ արբանյակային պատկերները բացահայտել են 8 ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, ներառյալ՝ եկեղեցիներ, գերեզմանատներ և այլ արտեֆակտներ:
Բացի այդ, ընտանիքի անդամները հայտնել են, որ հայ բանտարկյալներին արգելվում է ստանալ կրոնական իրեր, ինչպիսիք են Աստվածաշունչը, սակայն Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ բանտարկյալները հասանելիություն ունեն կրոնական նյութերին:
Ավելին, զեկույցի հեղինակներից մեկը կցել է հատուկ կարծիք՝ Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալներ, որոնք դատվել են փակ դռների հետևում՝ առանց համապատասխան իրավաբանական խորհրդատվության, ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության և պատշաճ սննդի հասանելիության բացակայության, Աստվածաշնչերի մերժման, և խաչի դաջվածքների՝ այրման միջոցով ջնջման»,-ասվում է գրառման մեջ:
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։