Ինչպես «Florsheim» բրենդը նվաճեց Օվալաձև աշխատասենյակը Թրամփի շնորհիվ

Ինչպես «Florsheim» բրենդը նվաճեց Օվալաձև աշխատասենյակը Թրամփի շնորհիվ

Դոնալդ Թրամփը, բացի երկրի նախագահի պարտականությունները կատարելուց, Սպիտակ տանը ստանձնել է մի նոր ու անսպասելի դեր՝ նա դարձել է կոշիկների յուրօրինակ «վաճառող»։ Բրիտանական հեղինակավոր Telegraph-ը գրում է, որ վերջին շրջանում նա այնքան հաճախ է իր նախընտրած բրենդի կոշիկները գնում իր աշխատակիցների համար, որ դրանք արդեն դարձել են վարչակազմի ոչ պաշտոնական համազգեստը։ 

Սպիտակ տան աշխատակիցները կատակում են, որ գրեթե բոլոր տղամարդիկ հիմա նույն կոշիկներն են կրում, քանի որ պարզապես վախենում են նախագահի մոտ այլ կերպ ներկայանալ։

Նախագահի ընտրությունը կանգ է առել «Florsheim» բրենդի վրա, որի որոշ մոդելներ կարելի է գնել ընդամենը 50 դոլարով։ Սա բավականին զարմանալի ընտրություն է՝ հաշվի առնելով Թրամփի սերը շատ բավականին թանկարժեք Brioni կոստյումների հանդեպ։ Նա անձամբ է կոշիկներ նվիրում գործակալությունների ղեկավարներին ու Կոնգրեսի անդամներին՝ անընդհատ պնդելով, որ դրանք հիանալի են նայվում։ 

Հետաքրքիր է նաև նախագահի մոտեցումը. նա հաճախ հենց տեղում գուշակում է մարդու կոշիկի չափսը, պատվիրում է այն, իսկ մեկ շաբաթ անց կոշիկի տուփը տեղ է հասնում՝ երբեմն հենց նախագահի ստորագրությամբ։

Այս նորաձևությանը հետևում են նաև ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրանք իրենց կոշիկները ստացել են Օվալաձև աշխատասենյակում կայացած մի հանդիպման ժամանակ, երբ Թրամփը պարզապես ասել է, որ նրանց կոշիկները վատն են, հանել է կատալոգը և հարցրել չափսերը։ Նույնիսկ կաբինետի անդամներից մեկը ստիպված է եղել հրաժարվել իր թանկարժեք «Louis Vuitton» կոշիկներից և անցնել նախագահի հավանած տարբերակին։

Թեև օգտատերերի կարծիքները այս կոշիկների որակի վերաբերյալ տարբեր են, բրենդը հարուստ պատմություն ունի։ Նախկինում դրանք կրել են նախագահ Հարրի Թրումենը և անգամ լեգենդար Մայքլ Ջեքսոնը։ Հիմա արդեն Վաշինգտոնի քաղաքական միջանցքներում դասական ոճին փոխարինելու են գալիս Թրամփի հավանած սև «օքսֆորդները»։

Leave a Comment