Ո՞վ կարող է բանական բացատրություն տալ այն ամենին․ Վայրենություն •

Հասարակության կուլտուրայի, հումանիզմի մակարդակը որոշելու տասնյակ, գուցե` հարյուրավոր չափորոշիչներ կան, սկսած կենցաղավարության կանոններից, վերջացրած մարդկային շփումներով ու ավանդույթներով:

Հրապարակ թերթը գրել է․ Բայց դրանց թվում երկու շատ կարեւոր ցուցիչ կա, որոնք խոսում են այն մասին, թե ինչպիսին է տվյալ հասարակությունը: Դա շրջակա միջավայրի` բնության եւ կենդանիների նկատմամբ հանրային վերաբերմունքն է: Այն հասարակությունը, որտեղ կենդանիների հանդեպ սադիստական, սպառողական վերաբերմունք կա, չի կարող բարձրակարգ համարվել:

Նույնը` ծառի ու ծաղկի, բնական ռեսուրսների նկատմամբ վերաբերմունքին է վերաբերում: Երբ տեսնում ես, թե ինչ բարբարոսությամբ ու անփութությամբ են վարվում բնության հանդեպ մեր հասարակությունը եւ իշխանությունը, հասկանում ես, որ մի հետամնաց աֆրիկյան երկրում անգամ երեւի նման վայրենություն չկա:

Որովհետեւ ցանկացած բանական մարդ հասկանում է, որ ծառը, ծաղիկը, խնամված բնությունը մաքուր օդ է, հաճելի միջավայր, առողջություն: Իսկ դրանց բացակայությունը` հիվանդություններ, կարճատեւ կյանք, տգեղ ու աղքատիկ պեյզաժ:

Ո՞վ կարող է բանական բացատրություն տալ այն ամենին, ինչը վերջին տարիներին անում է Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքում։ Ոչ ոք:

Ինչո՞ւ են կանաչ ծառերը հատվում, դրանք փոխարինվում շիվերով, երբ քաղաքում հազարավոր հեկտարներ կան, որտեղ կարելի է նոր ծառեր տնկել` առանց հներին ձեռք տալու: Ինչո՞ւ է Երեւանի կանաչապատման ՊՈԱԿ-ը դարձել ծառ հատող, այլ ոչ թե ծառ տնկող կազմակերպություն: Այս ի՞նչ պաթոլոգիկ ատելություն է բուսականության նկատմամբ:

Եվ ինչո՞ւ հանրության կարծիքը հաշվի չի առնվում: Մենք պարբերաբար հայտնաբերում ենք, որ այսուայնտեղ ծառեր են հատվել, եւ դրա մեղավորները չեն պատժվում:

Leave a Comment