
Իտալիայի կառավարությունը մոտ 30 միլիոն եվրոյով ձեռք է բերել իտալացի նկարիչ Կարավաջոյի հազվագյուտ աշխատանքը՝ Մաֆեո Բարբերինիի դիմանկարը (հետագայում նա դարձել է Հռոմի պապ Ուրբանոս VIII-ը)։
Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլին նշել է, որ կտավը «բացառիկ կարևորություն» ունի։
Նրա խոսքով՝ գործի ձեռքբերումը երկրի ծրագրի մի մասն է՝ կարևոր արվեստի գործերը պետական և հանրային հավաքածուներում կենտրոնացնելու համար։
Դիմանկարը երկար ժամանակ պահվել է Ֆլորենցիայի մասնավոր հավաքածուում և առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 2024 թվականին Հռոմում կազմակերպված ցուցահանդեսում։
Աշխարհում հայտնի է Կարավաջոյի մոտ 60 աշխատանք, որոնցից միայն երեքն են դիմանկարներ։ Այժմ կտավը տեղափոխվել է Բարբերինի պալատի մշտական հավաքածու, որտեղ այն կցուցադրվի նկարչի այլ աշխատանքների հետ միասին։