Daily Nation. Քենիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 49-ի

Քենիայում շարունակվող տեղատարափ անձրևները դարձել են հեղեղումների պատճառ, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի։ Այս մասին հաղորդում է «Daily Nation» թերթը։

Ջրհեղեղները Քենիայում շարունակվում են մարտի 6-ից, զոհվածների մեծ մասը՝ Նայրոբիում։ Առնվազն 2.6 հազար ընտանիք ստիպված է եղել լքել իրենց տները։

Ոստիկանությունը հայտնել է, որ որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են մի քանի տուժած շրջաններում։

Եղանակը նաև զգալի վնաս է հասցրել ենթակառուցվածքներին։ Շատ վայրերում վնասվել են ճանապարհներ, ջրամատակարարման և կոյուղու համակարգեր, ինչպես նաև խափանվել է էլեկտրամատակարարումը։ Հեղեղվել են նաև 16 ոստիկանական բաժանմունքներ։ Միևնույն ժամանակ, իրավապահ մարմինները վստահեցրել են, որ այս խնդիրները չեն ազդել տուժածներին օգնություն ցուցաբերելու և ջրհեղեղի ավերիչ հետևանքները արագ վերացնելու աշխատանքների վրա։

Օդերևութաբանները կանխատեսում են տեղումների քանակի աննշան նվազում առաջիկա օրերին, սակայն արագ արձագանքման խմբերը շարունակում են պատրաստ լինել և, որպես նախազգուշական միջոց, տարհանում են բնակիչներին ամենախոցելի շրջաններից։

Leave a Comment