Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությոնը, հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա մանրամասնել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, բավարարել է պաշտպանների կողմից ներկայացված բողոքը՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, ըստ որի դատարանը բավարարելով քննիչի միջնորդությունը, թույլատրել էր խուզարկություն կատարել Չարչյանի աշխատասենյակում։ Դատարանը բեկանել է ստորադաս դատարանի դատական ակտը։
Փաստաբանի խոսքով՝ վերադաս ատյանի համար ևս խուզարկությունն անօրինական էր և կրել է ձևական բնույթ։
Փետրվարի 13-ի առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն էին կատարել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատասենյակում։ Ալեքսանյանը նշել էր, որ խուզարկությունը կապված է 2015-2025 թվականների որոշ գործարքների ուսումնասիրության հետ, և, որ վարույթը չորս ամսվա վաղեմություն ունի: Նրա խոսքով՝ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ չարամտորեն հարկերից խուսափելու և փողերի լվացման հատկանիշներով:
