«Մեծ յոթնյակի» (G7) երկրների ֆինանսների նախարարներն առաջիկա օրերին արտահերթ նիստ կանցկացնեն՝ ռազմավարական պահուստներից նավթի համակարգված իրացման հնարավորությունը քննարկելու համար, որն իրականացվելու է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) հովանու ներքո։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով հանդիպման նախապատրաստական աշխատանքներին մոտ կանգնած աղբյուրներին։
Այս նախաձեռնությունը քննարկվում է համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ աճի ֆոնին, որն առաջացել է Իրանի շուրջ ընթացող պատերազմի հետևանքով։ Վերջինս մատակարարումների ընդհատման է հանգեցրել՝ հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում։ Brent տեսակի նավթի գինը կարճ ժամանակով մեկ բարելի համար հասել է գրեթե 120 դոլարի, ինչն էլ ավելի է մեծացրել գնաճի և համաշխարհային տնտեսական աճի սպառնալիքների վերաբերյալ մտահոգությունները։։
Ըստ FT-ի տվյալների՝ G7-ի հանդիպմանը, որին կմասնակցի նաև ԷՄԳ-ի ղեկավար Ֆատիհ Բիրոլը, կարող են քննարկվել 300-ից 400 միլիոն բարել նավթի իրացման առաջարկներ։ Սա կազմում է գործակալության անդամ երկրների 1,2 միլիարդ բարել ընդհանուր ռազմավարական պաշարների մոտ 25-30%-ը։
G7-ի երեք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել այս գաղափարին՝ ընդգծելով համաշխարհային էներգետիկ շուկաները հետագա ցնցումներից պաշտպանելու անհրաժեշտությունը։
Պահուստների իրացման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել. G7-ի մակարդակով ֆինանսների նախարարների քննարկումից հետո սպասվում է էներգետիկայի նախարարների հանդիպումը, որն էլ վերջնականապես կհստակեցնի հնարավոր համակարգման ծավալներն ու ժամկետները։ Հաստատման դեպքում սա կդառնա վերջին տարիների ընթացքում ԷՄԳ-ի պահուստների հետ կապված խոշորագույն համատեղ գործողություններից մեկը և համադրելի կլինի 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո շուկայի կայունացմանն ուղղված քայլերի հետ։